Բաքվում ընդդիմության հանրահավաքը չի կայանա

1527

Ադրբեջանի ընդդիմադիր «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը» նախորդ շաբաթ հայտարարել էր, որ պատրաստվում է նոյեմբերի 2-ին նոր հանրահավաք անցկացնել: Ժողճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին հայտարարել էր, որ հանրահավաքը անցկացվելու է Բաքվի կենտրոնում՝ «Մայիսի 28» մետրոյի կանգառի հրապարակում:
«Այդ որոշումը մենք ընդունել ենք զգալով սոցցանցերում ժողովրդի աջակցությունը: Բավականին շատ թվով մարդիկ պահանջում են հանրահավաքի անցկացում: Մենք զգում ենք ժողովրդական նոր շարժման սկիզբը»,-հայտարարել է Քերիմլին: 

Սակայն, Բաքվի քաղաքապետարանը չէր թույլատրել ակցիան անցկացնել ընդդիմության նախանշած վայրում՝ առաջարկելով հանրահավաքը անցկացնել ծայրամասային Լոքբաթան ավանում։

ԱՀ ՆԳՆ-ից և Գլխավոր դատախազությունից ընդդիմությանը զգուշացրել էին, որ իրավապահ մարմինները կանխելու են նոյեմբերի 2-ի չարտոնված ակցիան և հասարակական կարգի խախտման պատասխանատվությունն ընկնելու է ԱԺՃԿ ղեկավարների, այդ թվում՝ Ա. Քերիմլիի վրա։   

Ավելի ուշ ընդդիմադիր «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի» ղեկավար Ջամիլ Հասանլին առաջարկել էր հետաձգել չարտոնված հանրահավաքը։

Հանրաահավաքը չեղարկելու մասին նախօրեին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել նաև Ալի Քերիմլին՝ նշելով, որ իշխանությունը սադրանք է պատրաստել, և ընդդիմությունը չի գնա այդ քայլին:

Նշենք, որ հոկտեմբերի 19-20-ը Բաքվում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ և բախում ոստիկանության հետ, ինչը ուղեկցվել է ձերբակալություններով։