ՀՀ արդյունաբերության և առևտրի նախկին փոխնախարար, «Greenland Investment» ընկերության գլխավոր տնօրեն Մովսես Ձավարյանը, մեկնաբանեց հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման վերաբերյալ լսարանից հնչած հարցին։
Ձավարյանը, ուշադրություն հրավիրելով տարածարջանային առանձնահատկությունների, մասնավորապես, Հայաստանի՝ Թուրքիայի հետ սահմանակից պետություն լինելու վրա, ընդգծեց, տնտեսական շահ ունենալու համար սեփական արտադրության կարևորությունը։
«Հարևան պետությունը նույն Թուրքիայի հետ կամ ցանկացած այլ պետության հետ հաջողակ է լինում և ստանում հիմնական նախապայմանով զարգացում, երբ խոշոր պետության կողքին տեխնոլոգիապես ավելի բարձր տեխնոլոգիական արտադրանք, կամ ծառայություններ է տալիս»,-հավելեց նա։
Ձավարյանը նաև փորձեց հստակեցնել, թե երբ և որ պարագայում կարող են բացվել սահմանները։
Ըստ այդմ՝ ներկայացվեց երկու տարբերակ, որոնցից մեկի համաձայն՝ Թուրքիան սահմանի բացումը կարող է համատեղել նոր պահանջների ներկայացմամբ, իսկ մյուսի համաձայն՝ ԵՄ-ն կարող է ստիպել, որ Թուրքիան բացի սահմանները, թեկուզ միայն, տրանզիտի համար։
Միաժամանակ Ձավարյանն ընդգծեց, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է շատ ձեռնտու լինել որոշ հայ գործարարների համար, սակայն նաև սրա ամբողջական իրացման համար անհրաժեշտ համարեց համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացումը։
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել է «Հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակությունը» խորագրով պանելային քննարկում: