Իրանը բազմէթնիկ երկիր է, որտեղ բնակվում են տարբեր ազգերի ու էթնիկ հանրույթների ներկայացուցիչներ, այդ թվում՝ պարսիկներ, հայեր, թյուրքախոս ազարիներ, քրդեր, արաբներ, բելուջներ, թալիշներ, լորեր: Իրանի պետական գաղափարախոսության առանցքում այս բոլոր խմբերին «իրանցու» ինքնության և միասնական Իրանի ներքո միավորելու գաղափարն է: Չնայած այս հարցում այդ գաղափարախոսության հաջողությանը՝ երկրի որոշ էթնիկ խմբերի շրջանում տարբեր ժամանակներում և, տարբեր ներգործություններով պայմանավորված, նկատվել են անջատողական շարժումներ, այդ թվում՝ քրդերի, արաբների, բելուջների շրջանում։
Իրանում անջատողական գործունեություն են հրահրում նաև պանթյուրքական կառույցները, որոնց թիրախում Իրանի հյուսիսարևմտյան թյուրքախոս նահանգերն են: Պանթյուրքական շրջանակների գործունեության մեծ ակտիվության փուլը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ Խորհրդային միության և Իրանում գտնվող Կարմիր բանակի աջակցությամբ[1] 1945 թվականի դեկտեմբերի 12-ին այսպես կոչված «Ադրբեջանի ինքնավար հանրապետություն» է ստեղծվել: Արդեն 1946 թվականին, սովետական զորքերի՝ Իրանը լքելուց հետո տեղի կառավարությունը, չունենալով բավարար աջակցություն, 1946 թվականի սեպտեմբերին անկում է ապրել, երբ իրանական կանոնավոր զորքերը մտել են Թավրիզ:
Իրանում այսօր գործող և տարբեր պետությունների կողմից ֆինանսավորվող անջատողական կառույցների կողքին էլ ամենաշատ ակտիվությունն են ցուցաբերում պանթյուրքիստական կառույցները։ Նրանց շարքերում հայտնի են ՝
- «Հարավային Ադրբեջանի անկախության կուսակցությունը» (GAIP),
- «Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրական շարժում»-ը (CAMAH),
- «Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժում»-ը (GAMOH),
- «Ադրբեջանի ուսանողական ճակատ»-ը (AZOH) և այլն։
Պանթյուրքական շրջանակների գործունեությունը 2020 թվականի 44 օրյա պատերազմի ընթացքում
2020թ. Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմի ընթացքում, ի աջակցություն Ադրբեջանի, որոշակի ակտիվություն են ցուցաբերել նաև Իրանում բնակվող և պանթյուրքական գաղափարներով տարված խմբեր: Հատկապես ակտիվ են եղել «Հարավային Ադրբեջանի անկախության կուսակցություն»-ը և «Հարավային Ադրբեջանի ուսանողական շարժում»-ը:
Պանթյուրքական շրջանակների ակտիվությունը դրսևորվել է թե՛ տեղեկատվական դաշտում, թե՛ տարբեր քաղաքներում ցույցերի, հանրահավաքների ու դրանց ընթացքում հնչեցրած հակահայկական կոչերի տեսքով: Մասնավորապես՝ պանթյուրիքստական ուղղվածության սոցիալական հարթակները տարածել են ադրբեջանական քարոզչական թեզեր, հակահայկական ու հակաիրանական բովանդակությամբ գրառումներ:
Պանթյուրքական խմբերը անցկացրել են տարբեր ցույցեր ու հանրահավաքներ Թեհրանում, Թավրիզում, Ուրմիայում, Զանջանում, Արդաբիլում: Նրանք վանկարկել են «Հայաստանը հանցագործ է», «Ղարաբաղը մերն է և մերը կլինի», «Մահ Հայաստանին»: Ցույցերի ընթացքում նաև ոստիկանական ուժերի հետ բախումներ են եղել: Դատելով տարածված տեսանյութերից՝ հանրահավաքների հիմնական կազմակերպիչները եղել են երիտասարդները, որոնք սակայն մեծ խմբերով են իրականացրել այդ ամենը, իսկ ռազմական գործողությունների շրջաններում, ադրբեջանական կողմի գրանցած հաջողություններին զուգահեռ, աճել է հանրահավաքներին ու ցույցերին մասնակցող անձանց թվերը: Ցույցերից բացի, Իրանում գտնվող պանթյուրքական խմբավորումները սոցիալական ցանցերով տարածել են լուսանկարներ՝ «Մենք Ադրբեջանի աջակիցները չենք, մենք ինքներս ադրբեջանցիներ ենք» գրությամբ: Տարբեր քաղաքներում պատերի վրա թողել են այնպիսի գրություններ, ինչպիսին է՝ «Ղարաբաղը մերն է»:
Պատերազմի ընթացքում պանթյուրքական խմբավորումների կողմից քարոզչություն է տարվել նաև Իրանի դեմ: Նրանք Իրանին մեղադրել են Հայաստան զենք ուղարկելու կամ իր տարածքով ՌԴ-ից ՀՀ զենքի մատակարարումներ թույլ տալու մեջ: Իրանում պանթյուրքիստների կողմից ամենամեծ ակտիվությունը դրսևորվել է Շուշի քաղաքի օկուպացուման օրը, մասնավորապես` նոյեմբերի 7-ին, երբ ոչ պաշտոնական տվյալներով հաստատվել է Շուշիի գրավման մասին տեղեկությունները, ադրբեջանական և պանթյուրքական կայքերը տեսանյութեր են տարածել՝ ներկայացնելով, որ Իրանի թյուրքախոս շրջաններում նշում են Ադրբեջանի հաղթանակը՝ փողոցներ դուրս գալով, մեքենաներով երթեր և հրավառություն կազմակերպելով, իսկ Ուրմիայի փողոցներում՝ քաղցրավենիքներ հյուրասիրելով և սեղաններին «Ուրմիան հպարտանում է քեզնով, ադրբեջանցի զինվոր» վերնագրով պաստառներ փակցնելով: Տարածվել են նաև տեսանյութեր, թե ինչպես է օկուպացված Շուշիում բարձրացվում Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշը:
Պատերազմի ընթացքում Իրանում գործող և պանթյուրքական գաղափարներով տարված թյուրքախոս ազարիների որոշակի հատվածները մեծամասամբ բավարարվել են հանրահավաքներով ու ակցիաներ իրականացնելով, իսկ արդեն ռազմական գործողությունների ավարտից հետո որևէ լուրջ ակտիվություն չեն դրսևորել:

Պանթյուրքական շրջանակների գործունեությունը 2022 թվականի սեպտեմբերին մեկնարկած բողոքի ակցիաների ընթացքում
Պանթյուրքական խմբավորումների հաջորդ լուրջ ակտիվությունը նկատվել էր 2022 թվականի աշնանը, երբ Իրանում մեկնարկել են զանգվածային հակակառավարական ցույցեր: Ցույցերի հիմնական առիթը հանդիսացել էր 22-ամյա քուրդ Մահսա Ամինիի մահը, ինչն Իրանի ընդդիմադիր շրջանակները ներկայացրել են որպես սպանություն իշխանությունների կողմից՝ գլխաշորը ճիշտ չկրելու համար: Ըստ պաշտոնական Թեհրանի՝ աղջիկը մահացել է առողջական խնդիրների հետևանքով։ Մահսա Ամինիի մահվան հանգամանքն օգտագործելով՝ Իրանում «կանանց իրավունքների ոտնահարման», «հիջաբի» պարտադիր չկրելու դեմ զանգվածային ցույցեր են սկսվել նախ Սանանդաջում[2] ապա մեծ տարածում գտել երկրի այլ շրջաններում:
Հակակառավարական ակցիաների ժամանակ մեծ ակտիվություն են ցուցաբերել նաև պանթյուրքական անջատողական կառույցները, որոնք, առիթը բաց չթողնելով, սեպտեմբերի 22-ին ցույցերի սկզբնական փուլում այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» դրոշը բարձրացրել են Մաշքինշահրի քաղաքապետարանի դիմաց, դրան էլ հաջորդել է Թավրիզում Իրանի դրոշի այրումը:
Ցույցերի ընթացքում պանթյուրքական անջատողական կառույցների գործողությունները հիմնականում լուսաբանվել են «Telegram» սոցիալական ցանցի պանթյուրքական ալիքների միջոցով: Այդ ալիքները Իրանի հյուսիսարևմտյան նահանգներում բողոքի ակցիաները ներկայացրել են որպես պայքար «ինքնորոշման իրավունքի», անկախության, Իրանից անջատվելու համար:
Մինչ Իրանի տարբեր քաղաքներում հակակառավարական ցույցերն ընթացել են «Կին, կյանք, ազատություն» և նմանատիպ այլ վանկարկումներով, Թավրիզի, Արդաբիլի փողոցներում պանթյուրքիստների կողմից շրջաառվել է նաև «ազատություն, արդարություն և ազգային իշխանություն» կարգախոսը: Ըստ էության, պանթյուրքական խմբավորումները փորձել են տպավորություն ստեղծել, թե Իրանի հյուսիսային նահանգներում բողոքի ակցիաները այլ ընթացք ու բնույթ են ստացել:
Ամփոփելով կարող ենք նշել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2022 թվականի ցույցերի ընթացքում պանթյուրքստների գործունեությունը ցույց է տալիս, որ այս խմբավորումները բոլոր պատեհ առիթները օգտագործել են անջատողական գործունեություն քարոզելու ու հրահրելու համար: Թեև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում պանթյուրքական խմբավորումների գործունեության թիրախում եղել է Հայաստանը, սակայն այդ խմբավորումների գոյությունն առաջին հերթին ուղղված է Իրանի դեմ: Դրա վառ դրսևորումներից է այն, որ որ 2022 թվականի սեպտեմբերյան քաղաքական և սոցիալական բողոքի ցույցերը պանթյուրքիստները փորձել են վերածել Իրանից անջատվելու պահանջների հարթակի։ Նման գործունեությամբ պանթյուրքական խմբավորումները շարունակում են իրական վտանգ ներկայացնել Իրանի իշխանությունների և այդ երկրի տարածքային ամբողջականության համար:
Հեղինակ՝ ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանող Աշոտ Բադալյան
[1] Ս. Մկրտչյան, Պանթյուրքական հոսանքները ժամանակակից Իրանում, Երևան-2018, էջ 46:
[2] Քաղաք Իրանի արևմուտքում, Քրդստան նահանգի վարչական կենտրոնը, հիմնականում բնակեցված է քրդերով