ԱՄՆ-ը ձգտում է զինված հակամարտություն հրահրել լիբանանյան բանակի և շիական «Հեզբոլլահ» կուսակցության միջև, ինչը կարող է հանգեցնել Լիբանանում քաղաքացիական նոր պատերազմի: Նման կարծիք է հայտնել «Հեզբոլլահ-»-ի հիմնադիրներից մեկը և այս կուսակցությունից Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Ալի Ֆայադը։
«Միացյալ Նահանգների վարչակազմի դիրքորոշումը Լիբանանի վերաբերյալ հակասում է Լիբանանում կայունության և ուժեղ պետության վերականգնման շուրջ ԱՄՆ հանձնառությանը: ԱՄՆ դիրքորոշումը չի նպաստում այդ նպատակին, ընդհակառակը, դրա արդյունքը կլինի քաղաքացիական բախումները Լիբանանում»,- ասել է պատգամավորը:
«Մենք մտավախություն ունենք, որ ամերիկացիների նպատակը լիբանանյան բանակի և «Հեզբոլլահ»-ի ու նրա կողմնակիցների միջև առճակատում հրահրելն է: Սա շատ վտանգավոր է Լիբանանի համար, մենք դա չենք ուզում և փորձում ենք խուսափել դրանից։ Ընդհակառակը, մենք ցանկանում ենք համագործակցություն հաստատել լիբանանյան բանակի հետ և աջակցում ենք իրեն»,-հավելել է շիա քաղաքական գործիչը։
Նրա խոսքով, Վաշինգտոնը «անտեսում է լիբանանցի ժողովրդի զգալի մասի կամքը և այն փաստը, որ «Հեզբոլլահ»-ը ներկայացված է ժողովրդավարական ճանապարհով ընտրված խորհրդարանում»։