Հայ ռազմագերիների դեմ շինծու դատավարություններն, այնտեղ հնչող ցուցմունքներն ու մեղադրանքներն Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի դեմ ավելի շատ լծակներ ստանալու և հարկ եղած դեպքում դրանք օգտագործելու համար: Նման տեսակետ է հայտնել քաղաքագետ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Դավիթ Սարգսյանը՝ «Region Monitor»-ի հետ զրույցում:
Զրույցի ընթացքում քաղաքագետը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությամբ Ադրբեջանն այլ նպատակներ ևս հետապնդում է։ Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանն առաջին հերթին փորձում է հերթական անգամ ցույց տալ և ամրագրել իր վերջին տարիների հաղթանակները։ Այդ իսկ պատճառով դատական նիստերը ակտիվորեն լուսաբանվում են ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից։
«Մյուս պատճառը կապված է ադրբեջանական այն խոսույթի հետ, որ նրանք դատում են ոչ թե քաղաքական կամ ռազմական գործիչների, այլ «ահաբեկիչների»։ Ադրբեջանը փորձ է անում հերթական անգամ ցուցադրել, որ «Լեռնային Ղարաբաղը ոչ այլ ինչ էր, քան ահաբեկչական միավորում», որը ֆինանսավորվում էր Հայաստանի Հանրապետության կողմից»,- ասել է քաղաքագետ Սարգսյանը:
Որպես երրորդ նպատակ Սարգսյանը շեշտել է ՀՀ-ի դեմ լծակներ ձեռք բերելու Ադրբեջանի մարտավարությունը:
«Խոսքն առաջին հերթին «Ադրբեջանին պատճառված նյութական և բարոյական վնասների մասին», և կարող ենք ակնկալել, որ բանակցային գործընթացում սա որպես գործիք կկիրառվի ՀՀ-ի դեմ»,- շարունակել է քաղաքագետը՝ կարծելով, որ Ադրբեջանը կարող է միջազգային ատյաններում միլլիարդավոր դոլարների հասնող փոխհատուցում պահանջել ՀՀ-ից։
Անդրադառնալով միջազգային հումանիտար կառույցների ոչ պատշաճ արձագանքների բացակայությանը՝ Սարգսյանը ցավով նշել է, որ ժամանակակից հակասություններով լի աշխարհում հայ-ադրբեջանական հակամարտությունը և դրա հետ փոխկապակցված խնդիրները հետին պլան են մղվել, այդ իսկ պատճառով շատ քիչ արձագանքների ենք ականատես լինում:
«Նույնիսկ եթե այդ արձագանքները ավելանան և մարդասիրական կառույցները փորձեն ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, հնարավոր է՝ հակառակ ազդեցությունը տեսնենք։ Ադրբեջանն այն երկիրը չի, որը միջազգային կառույցների ճնշման ներքո որևէ զիջման գնա»,- ասել է փորձագետը:
Սարգսյանը շեշտել է, որ Ադրբեջանը խնդրի լուծման կարող է գնալ միայն քաղաքական կոնկրետ դրդապատճառներից ելնելով։ Ըստ նրա՝ հայազգի գերիների հարցը Ադրբեջանը կարող է օգտագործել բանակցային գործընթացում և նրանց ազատ արձակման դիմաց փորձել ստանալ նոր զիջումներ հայկական կողմից։
«Մեկ այլ տարբերակ է, որ Հայաստանը փորձի միջնորդավորված այս խնդրի լուծմանը մոտենալ։ Այստեղ խոսքը ոչ միայն Ադրբեջանի հետ աշխատելու մասին է, այլև այն 3-4 երկրի, որոնք բավարար ազդեցություն ունեն Ադրբեջանի վրա և կարողանան այս օրակարգը առաջ բերել։ Այդ երկրներն են Թուրքիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և միգուցե Չինաստանը»,- եզրափակել է Սարգսյանը։