Աբխազիան նախագահական արտահերթ ընտրությունների քվեարկության օրը բախվել է դրանք խափանելու փորձերի: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է նորընտիր նախագահ Բադրա Գյունբան։
«Դուք ինքներդ տեսաք քվեարկությունը խափանելու փորձերը, որոնք ձեռնարկվեցին: Սա, անկեղծ ասած, վրդովեցուցիչ է: Սա անընդունելի է: Մենք միանշանակ պայքարելու ենք նման դեպքերի դեմ, որպեսզի քվեարկությունը խաթարելու և ժողովրդի կամքը արտահայտելու հնարավորությունը խլելու նման փորձերը երբեք չկրկնվեն: Իհարկե, պետք է ուժեղացնել և՛ իրավապահ մարմինները, և՛ հասարակական կազմակերպությունների հետ քաղաքական գործընթացների նկատմամբ մոտեցում մշակել»,-նշել է Գյունբան:
Նորընտիր նախագահը հավելել է, որ Աբխազիայում ընտրությունները միշտ զգացմունքային են անցնում։ «Հուսով եմ, որ այն զգացմունքային ինտենսիվությունը, որն առկա էր նախընտրական քարոզարշավի ժամանակ, կթուլանա, և մենք բոլորս կսկսենք աշխատել ի շահ մեր երկրի։ Մենք պետք է բարելավենք մեր քաղաքացիների կյանքի որակը, չխոչընդոտենք նրանց զարգացմանն ու կայացմանը։ Այս առումով, որպես ընտրված նախագահ, ես զգում եմ ողջ պատասխանատվությունը և մտադիր եմ գործել՝ ելնելով Աբխազիայի ժողովրդի շահերից»,-հավելել է նա։
Նշենք, որ Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության ժամի ավարտից կես ժամ առաջ զինված հարձակում է տեղի ունեցել ընտրատեղամասերից մեկում: Մի խումբ զինված դիմակավորված անձինք՝ 20 հոգի, խոչընդոտել են ընտրական հանձնաժողովի աշխատանքը, կյանքին վտանգ սպառնացող բռնություն գործադրել ընտրական հանձնաժողովի անդամների և ոստիկանների նկատմամբ, վնասել քվեատուփը և փախուստի դիմել հանցագործության վայրից։ Փաստաթղթերը նույնպես վնասվել են։
Հիշեցնենք, որ Աբխազիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը կայացել էր փետրվարի 19-ին, երկրորդը՝ մարտի 1-ին: