Սիրիայի անցումային կառավարության տեղեկատվության նախարարությունը ոչ հավաստի է համարել երկրի արևմտյան նահանգներում խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների մասին տեղեկությունները, որտեղ բախումները շարունակվում են Սիրիայի անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջև:
«Վերջին երկու օրերի ընթացքում գրանցվել են հին լուսանկարներն ու տեսանյութերը տարածելու համակարգված փորձեր: Դրանց մի մասը նախորդ տարիներին են արվել, իսկ մյուսները նկարահանվել են երկրի սահմաններից դուրս: Այս նյութերը դիտավորյալ ներկայացվում են որպես սիրիական ափամերձ շրջաններում տեղի ունեցող ընթացիկ իրադարձություններ, որոնք ակնհայտորեն ուղղված են հասարակական կարծիքը շահարկելուն, տարաձայնություններ հրահրելուն և իրավիճակը ապակայունացնելուն»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Մարտի 6-ին Լաթակիա, Տարտուս և Հոմս նահանգներում բախումներ են սկսվել անցումային կառավարության անվտանգության ուժերի և հանրապետության նախկին նախագահի կողմնակիցների միջև։ Առավել ինտենսիվ մարտերը տեղի են ունեցել Ջեբլա քաղաքում, որտեղ ապրում են ալավիները՝ էթնիկ և կրոնական փոքրամասնություն, որին պատկանում է Ասադների ընտանիքը: Նոր իշխանությունները բանակի ստորաբաժանումներ և զրահատեխնիկա են ուղարկել վերոհիշյալ նահանգներ, իսկ հիմնական քաղաքներում պարետային ժամ է մտցվել։
Բախումների սկզբից ի վեր սոցցանցերում տարածվել են ալավիների, այդ թվում՝ կանանց ու երեխաների մահապատիժների տասնյակ տեսանյութեր։ Կադրերի մեծ մասում երևում են քաղաքացիական հագուստով մահացածներ, վիրավորներ և գերեվարված տղամարդիկ:
Ըստ վերջին տվյալների՝ Սիրիայի արևմուտքում իրավիճակի սրման սկզբից սպանվել է նախկին նախագահի 250 զինված կողմնակից, նոր իշխանությունները կորցրել են 231 մարտիկի։ Քաղաքացիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, որոնց մեծ մասը ալավիական համայնքից է։