Իրանը միջուկային ծրագրի նկատմամբ վստահություն ձևավորելու նպատակով խորհրդակցություններ է անցկացնում Ռուսաստանի և Չինաստանի հետ, որպեսզի ապահովի Իսլամական Հանրապետության դեմ սահմանված պատժամիջոցների վերացումը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին, իսկ համապատասխան հայտարարությունը հրապարակվել է X-ում։
«Ներկայումս մենք խորհրդակցություններ ենք անցկացնում եվրաեռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) և առանձին-առանձին Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ հավասար հիմունքներով և փոխադարձ հարգանքի հիման վրա: Նպատակը մեր միջուկային ծրագրի նկատմամբ վստահություն ստեղծելու և ավելի մեծ թափանցիկության ուղիների ուսումնասիրումն է՝ Իրանի նկատմամբ կիրառված անօրինական պատժամիջոցները չեղարկելու դիմաց»,- ընդգծել է նախարարը։
Արաղչին վերահաստատել է, որ Թեհրանը «չի բանակցի ճնշման տակ և այն իրավիճակում, որտեղ նրան փորձում են վախեցնել»։
Նրա խոսքով՝ բանակցությունները «ահաբեկման ու բռնապետության» հետ կապ չունեն։ Արաղչին հավելել է, որ Իրանի միջուկային ծրագիրը «միշտ կրել է և կրելու է բացառապես խաղաղ բնույթ»։