ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մասնավոր զրույցներում Եվրամիության առաջնորդներին կոչ է արել ակտիվացնել հարաբերությունները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ մի կողմ թողնելով տարաձայնությունները՝ ամրապնդելու անվտանգության ոլորտում համագործակցությունը: Այս մասին հայտնում է Financial Times-ը (FT)՝ հղում անելով Ռյուտեի հայտարարություններին տեղեկացված պաշտոնյաներին։
Հրատարակության տվյալներով՝ դա պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի դիրքորոշմամբ՝ կապված եվրոպական անվտանգության հետ։ Ըստ FT-ի՝ Բրյուսելը ուսումնասիրում է Թուրքիայի և ԵՄ անդամ չհանդիսացող այլ երկրների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունը՝ որպես եվրոպական պաշտպանական կարողությունների զարգացման մաս։ Պաշտոնյաները նշել են, որ Անկարայի հետ ներգրավվածությունն ընդլայնելու մղումը նաև ուղղված է ԵՄ երկրների հետ երկկողմ կապերի բարելավմանը:
Պարբերականը հիշեցնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը այս ամսվա սկզբին Լոնդոնում մասնակցել է Ուկրաինայի հարցով հանդիպմանը։ Քննարկումներին ծանոթ երեք անձանց խոսքով, դա հաջորդել է փետրվարին ԵՄ առաջնորդների հետ փակ ընթրիքի ժամանակ Ռյուտեի խոսքերին, որտեղ նա ընդգծել էր Թուրքիայի հետ համագործակցության ընդլայնման կարևորությունը, և ներկաներին կոչ էր արել ավելի շատ փոխգործակցել Անկարայի հետ: