Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել ընդունելու ԱՄՆ-ի առաջարկը՝ անհապաղ 30-օրյա զինադադար մտցնելու մասին, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ, եթե Ռուսաստանը համաձայնի նույն քայլին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը՝ Սաուդյան Արաբիայում ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից հետո։
«ԱՄՆ-ը Ռուսաստանին կհաղորդի, որ Ռուսաստանի կողմից փոխադարձությունը խաղաղության հասնելու բանալին է: ԱՄՆ-ն անհապաղ վերացնում է հետախուզական տվյալների փոխանակման դադարը և վերսկսում է Ուկրաինային անվտանգության աջակցությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները քննարկել են նաև ռազմագերիների փոխանակման, կալանավորված խաղաղ բնակիչների ազատ արձակման և ուկրաինացի երեխաների վերադարձի կարևորությունը։
«Միացյալ Նահանգները պարտավորվել է քննարկել այդ կոնկրետ առաջարկները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Ուկրաինական պատվիրակությունը ևս մեկ անգամ ընդգծել է, որ եվրոպացի գործընկերները պետք է ներգրավվեն խաղաղության գործընթացում»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Երկու պատվիրակությունները նաև պայմանավորվել են որոշել իրենց բանակցող թիմերի կազմը և անհապաղ սկսել բանակցությունները «կայուն խաղաղության» հասնելու համար, որը կապահովի Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգությունը։
Բացի այդ, Ուկրաինան և Միացյալ Նահանգները պայմանավորվել են «որքան հնարավոր է շուտ» համապարփակ համաձայնագիր կնքել հազվագյուտ հողային ռեսուրսների զարգացման վերաբերյալ՝ «Ուկրաինայի տնտեսությունն ամրապնդելու և նրա երկարաժամկետ բարգավաճումն ու անվտանգությունն ապահովելու համար»: