Հայաստանն արդեն հայտնել է իր մոտեցումներն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվից ստացված 12-րդ առաջարկի վերաբերյալ։ Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Մենք արդեն հայտնել ենք մեր մոտեցումը խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական 12-րդ առաջարկի մասին, և առաջիկայում ադրբեջանական կողմի հետ հնարավորություն կունենանք քննարկել այդ մոտեցումը և, ընդհանուր առմամբ, այդ համաձայնագրի ստորագրման կամ համաձայնեցման հետ կապված բոլոր հարցերը»,-ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։
Նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը, մնացած այլ հարցերից զատ, քննարկում են նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են երկու պետությունների միջև պետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը, ինչպես նաև միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում հայցերից հրաժարումը։
«Եթե խաղաղության պայմանագիրը համաձայնեցվի, ստորագրվի և մտնի ուժի մեջ, ապա այս կետերն, ինչպես և մնացած մյուս բոլոր կետերը, ենթակա են պարտադիր կատարման»,-նշել է Միրզոյանը։