Եգիպտոսը Իսրայելին և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժմանը ներկայացրել է Գազայի հատվածում կարգավորման նոր առաջարկներ, որոնք ներառում են 60-օրյա զինադադար, մնացած իսրայելցի պատանդների ազատ արձակում և պատերազմի ավարտի վերաբերյալ բանակցությունների սկիզբ։ Այս մասին հայտնում է էմիրաթական The National հրատարակությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Պարբերականի զրուցակիցների խոսքով, «ՀԱՄԱՍ»-ի նախնական արձագանքը նախաձեռնությանը եղել է «խրախուսական», սակայն Իսրայելի իշխանությունները դեռ ուսումնասիրում են առաջարկները։ Մարտի 10-ին Իսրայելը պատվիրակություն ուղարկեց Կատար՝ միջնորդների հետ քննարկելու հրադադարի շուրջ բանակցությունների շուրջ առաջընթաց գրանցելու ջանքերը:
«Եգիպտական պլանը նոր ճանապարհային քարտեզ է, որի հիմնական կետերը համաձայնեցվել են ամերիկացիների հետ: Դա փակուղուց դուրս գալու ելք է, որում մենք գտնվում ենք մարտի 1-ից, երբ ավարտվեց Գազայում հրադադարի ժամկետը»,-ասել է աղբյուրներից մեկը:
Աղբյուրները նշում են, որ առաջարկները շաբաթավերջին Կահիրեում քննարկվել են եգիպտացի միջնորդների և «ՀԱՄԱՍ»-ի բարձրաստիճան պաշտոնյաներ Մուհամմեդ Դարվիշի, Խալիլ Ալ-Հայայի և Զահեր Ջաբարինի կողմից: «ՀԱՄԱՍ»-ի խոսնակ Աբդել-Լատիֆ Ալ Քանուան ասել է, որ միջնորդների հետ խմբի վերջին բանակցություններում եղել են «դրական ազդանշաններ»:
Եգիպտական առաջարկների համաձայն՝ զինադադարի նոր փուլը կսկսվի 10 պատանդների ազատ արձակմամբ, ներառյալ պաղեստինյան անկլավում պահվող ԱՄՆ հինգ քաղաքացիների կամ մի քանիսի: Աղբյուրները նշում են, որ նրանց ազատումը պետք է աստիճանաբար լինի: Յուրաքանչյուր փուլում Իսրայելը կազատի որոշակի թվով պաղեստինցի բանտարկյալների։ Առաջարկվում է նաև վերացնել Իսրայելի կողմից Գազայի հատված մարդասիրական օգնության, վառելիքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման արգելքը։ Բացի այդ, եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն, ավելի ուշ կարող են քննարկել Գազայի հատվածից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերման և մշտական հրադադարի հաստատման հարցերը։