Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միմյանց համար կոմունիկացիաները բացելու անհրաժեշտությունը, այսինքն՝ Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով։
Վարչապետն այս մասին խոսել է Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողների հետ զրույցում:
Անդրադառնալով նոյեմբերի 9–ի հայտարարության և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցին՝ վարչապետը նախ ընդգծել է, որ Հայաստանի համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը: «Նախ, որովհետև Հայաստանն այդ արտահայտության հետ որևէ առնչություն չունի, և, երբ նման արտահայտություն է օգտագործվում, Հայաստանի Հանրապետությունում դա ընկալվում է որպես տարածքային նկրտում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ», – ասել է վարչապետը։
Փաշինյանը հիշեցրել է այդ թեմայով վերջերս հրապարակված իր հոդվածը, որի հիմնական իմաստն այն էր, որ Հայաստանը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կողմնակից է: Եվ առաջին հերթին Հայաստանն է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կողմնակիցը, որովհետև իրականում շրջափակման մեջ է:
«Ոչ մի ուրիշ երկիր տարածաշրջանում շրջափակման մեջ չէ։ Մենք 4 սահման ունենք, որից երկուսն ամբողջությամբ փակ է։ Եվ այս փաստն ինքնին ցույց է տալիս, թե ինչքանով մենք պետք է շահագրգռված լինենք և իրականում շահագրռված ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ»,–ասել է նա:
Փաշինյանը նկատել է՝ շատ է հղում արվում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածին։ Նա ուշադրություն է հրավիրել մի շատ կարևոր փաստի վրա. «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում «միջանցք» արտահայտություն ընդհանրապես չկա։ Ես հասկանում եմ, որ միջանցք բառն այլ տարածաշրջաններում և միջազգային խոսույթում այլ կերպ է օգտագործվում»:
Վարչապետը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունում կա «Լաչինի միջանցք» արտահայտություն, այսինքն՝ այդ տերմինը կա, հստակ գրված է, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում միջանցք արտահայտություն ընդհանրապես գոյություն չունի:
Անդրադառնալով մեկնաբանություններին, թե իբր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կա դրույթ, որ Հայաստանի տարածքով ուղևորների և բեռների տեղափոխման անվտանգությունը պետք է ապահովեն երրորդ երկրների ներկայացուցիչներ և ուժեր՝ Փաշինյանն արձանագրել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նման բան ընդհանրապես չկա: Տեքստում գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է բեռների, տրանսպորտային միջոցների, ուղևորների երթևեկությունը, անցուդարձը: Փաշինյանը հարցրել է՝ ինչպե՞ս կարող է Հայաստանի Հանրապետությունը երաշխավորել անվտանգությունը, եթե ինքը չի ապահովելու անվտանգությունը։
Վարչապետը նաև հիշեցրել է, որ եռակողմ հայտարարության մեջ գրված է Լեռնային Ղարաբաղ, սակայն Ադրբեջանը շարունակաբար պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ չկա: Եռակողմ հայտարարության մեջ խոսվում է նաև Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների վերադարձի մասին, բայց եռակողմ հայտարարությունից հետո, ընդհակառակը, փախստականների թիվը մեծացել է, և տեղի է ունեցել բռնի տեղահանում:
Անդրադառնալով հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Հայաստանը սեփական տարածքով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախջևանի Ինքնավար Հանրապետության հետ՝ Փաշինյանը պատասխանել է. «Այո, իհարկե պատրաստ է: Եվ մենք այս թեմայով շատ կոնկրետ առաջարկություն ենք արել Ադրբեջանին: Դա, մեր կարծիքով, ոչ թե ուղղակի առաջարկություն է, երկաթուղային բեռնափոխադրումների առումով խնդիրը լուծող առաջարկ: Եվ մենք հիմա սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»:
Վարչապետն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախջևանի միջև տրանսպորտային կապ ապահովելու առանձին օրակարգ չկա: Այդ օրակարգը մտնում է ընդհանրապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգի մեջ. «Դա նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար միմյանց համար պետք է բացեն կոմունիկացիաները: Այսինքն՝ Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով կոմունիկացիաները բացելու համար»:
Փաշինյանը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ օրինակ, Հայաստանի հյուսիսային շրջաններից դեպի Մեղրի, այսինքն՝ հարավային շրջան, երկաթուղային կապ չկա: Երկաթուղային կապն անցնում է միայն Ադրբեջանի, այսինքն՝ Նախջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով։ «Հետևաբար մենք ասում ենք, որ, իհարկե, պատրաստ ենք ապահովել երկաթուղային կապը և ակնկալում ենք, որ նույնպիսի կապ կապահովվի նաև Հայաստանի համար, մասնավորապես՝ Երասխից Մեղրի երկաթուղային կապի համար»,–ասել է վարչապետը՝ հավելով, որ խիստ լեռնային ռելիեֆի բերումով Հայաստանի տարածքով հարավից դեպի հյուսիս երկաթուղի ունենալու դժվարություններ կան:
Նա հավելել է. «Միևնույն ժամանակ՝ մեր ընկալմամբ, սա նշանակում է նաև Ադրբեջանից երկաթուղային կապի ստեղծում Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ, ընդ որում՝ ավտոմոբիլային տրանսպորտի կապի ստեղծում, այդ թվում՝ Ադրբեջանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանն էլ Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով կարող է կապվել Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Ռուսաստանի հետ: Իհարկե, այս պարագայում նաև ենթադրվում է Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացում և այլն»:
Հայաստանը պատրաստ է այդ լուծումներին և հասկանալի չէ, թե ինչու Ադրբեջանը չի արձագանքում դրանց և ընդհակառակը՝ փորձ է արվում անընդհատ թեման օգտագործել էսկալացիոն տրամաբանությամբ։
«Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է տրամադրել երկաթուղային բեռնափոխադրումների հնարավորություն արևմտյան Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Նախջևան։ Այո, պատրաստ է։ Եվ ակնկալում ենք նաև, որ Ադրբեջանի տարածքով նույն հնարավորությունը կստեղծվի Հայաստանից Հայաստան երկաթուղային կապի համար։ Մենք պատրաստ ենք նաև ավտոտրանսպորտային հաղորդակցություն ապահովել»,–նշել է վարչապետը:
Նա հիշեցրել է՝ իր վերջին հոդվածում ընդգծել է, որ թեև մյուս պայմաններում, մյուս պարագաներում դեռ ենթակառուցվածքային ներդրումներ անելու անհրաժեշտություն կլինի, սակայն ներկայումս քաղաքական և իրավական որոշման պարագայում ավտոտրանսպորտային հաղորդակցություն է հնարավոր ապահովել Թուրքիայից Հայաստանի տարածքով Ադրբեջան Մարգարայի անցակետով, որտեղ ենթակառուցվածքները պատրաստ են, ճանապարհները նորմալ վիճակում են, մինչև Տեղի սահմանային կետ, որից այն կողմ արդեն Հայաստանից Ադրբեջան սահմանի հատումով Լաչին և այնտեղից Ադրբեջանի խորք։
Նա վերահաստատել է՝ Հայաստանը պատրաստ է նաև այսպիսի ավտոմոբիլային կապ ապահովել: Եվ այդ ընկալումների համախումբն է, որը հայկական կողմն անվանում է «Խաղաղության խաչմերուկ»։ Ըստ Փաշինյանի՝ հատուկ է ընտրվել այդպիսի անուն այդ նախագծի համար, որ հարևան երկրներից ոչ մեկում անհարմարություն չառաջացնի այդ անունը։ Վարչապետը դա համարում է Հայաստանի կառուցողական դիրքորոշման և դիրքավորման շատ ուղիղ հիմնավորում: