Թուրք-լիբիական սահմանազատման համաձայնագիրն Արևելյան Միջերկրածովյան ավազանի աշխարհաքաղաքականության տեսանկյունից

962

Արևելյան Միջերկրական ավազանում առկա նավթագազային պաշարները և դրանց տեղափոխման հարցը վերջին ժամանակներում դարձել են տարածաշրջանային հակամարտության նոր գործոններ Թուրքիայի և նրա ծովային հարևանների՝ Հունաստանի, Կիպրոսի ու Իսրայելի միջև։ Թուրքիան, որ տրանզիտային հանգույց է արևելքի և արևմուտքի միջև, չի կարող թույլ տալ տարածաշրջանում առանց իր մասնակցության որևէ խոշոր տնտեսական ծրագրի իրականացում։ Այդ պատճառով այն ձգտում է խափանել նոր գազատարի ծրագրերը Լիբիայի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարության հետ համագործակցության միջոցով։ 

Մերձավորարևելյան ռազմաքաղաքական զարգացումների ընդհանուր պատկերում կարևոր տարածաշրջան է համարվում Հյուսիսային Աֆրիկան, որտեղ 2011թ. սկսվեց քաղաքական վերաձևակերպումների մի ալիք, որը հայտնի է «արաբական գարուն» անունով։ Սկսվեցին բազմահազարանոց ցույցեր Թունիսում, Եգիպտոսում և վերջապես մեր այս հոդվածի նյութը հանդիսացող Լիբիայում տասնամյակներով կառավարող վարչակարգերի դեմ։ Լիբիայում Մուամար Քադաֆիի սպանությունից հետո երկրում ձևավորվեց մի նոր իրավիճակ, որն աստիճանաբար վերաճեց քաղաքացիական պատերազմի։

2014թ. Լիբիայում վերսկսվում են բախումները։ Երկրում միմյանց դեմ պայքար են մղում Տրիպոլիի Ընդհանուր ազգային կոնգրեսին ենթակա Լիբիական բանակը, Թոբրուքում ձևավորված նոր խորհրդարանը՝ Ներկայացուցիչների պալատն իր Լիբիական ազգային բանակով՝ Խալիֆա Հաֆթարի ղեկավարությամբ, իսլամիստական ուժերը՝ մասնավորապես Բենղազիի հեղափոխականների շուրան՝ խորհուրդը և ԻՊ ահաբեկչական ուժերը, որոնք 2014թ. հոկտեմբերին վերահսկողություն հաստատեցին Դերնա քաղաքում։ 

2015թ. ՄԱԿ-ի կողմից Լիբիայում ձևավորվում է ազգային համաձայնության կառավարություն՝ Ֆայեզ ալ Սարաջի գլխավորությամբ, որը 2016թ. գարնանը ժամանեց Տրիպոլի։ Արդյունքում լուծարվեց Ընդհանուր ազգային կոնգրեսը՝ իր տեղը զիջելով Պետության բարձրագույն խորհրդին։ Լիբիական ազգային բանակը 2016-2018թթ. կարողանում է իր վերահսկողության տակ վերցնել երկրի արևելքում գտնվող կարևոր նավթահանքերը, 2017թ. հուլիսին Բենղազին ազատագրում է իսլամիստական ուժերից, իսկ մեկ տարի անց Դերնայում պարտության է մատնում ԻՊ ահաբեկիչներին։ 2019թ. դեկտեմբերին Խալիֆա Հաֆթարը հայտարարում է երկրի մայրաքաղաք Տրիպոլիի ուղղությամբ արշավի մասին։ Ներկայում Լիբիայում երկրի տարածքի մեծ մասը գտնվում է Լիբիական ազգային բանակի վերահսկողության տակ: ՄԱԿ-ի կողմից ճանաչված Ֆ. Սարաջի կառավարությունն իր վերահսկողությունը հաստատել է երկրի հյուսիսարևմտյան հատվածում՝ այդ թվում և մայրաքաղաքում։ Սարաջի կառավարությունը որքան էլ ունի ՄԱԿ-ի աջակցությունը, այնուամենայնիվ, դաշնակիցներ է փնտրում տարածաշրջանում՝ ի դեմ Թուրքիայի։

Մինչ «արաբական գարունը» թուրք-լիբիական հարաբերությունները բավական ջերմ են եղել [1]։ Մեծ թվով թուրքական կազմակերպություններ գործունեություն էին ծավալում Լիբիայում՝ կատարելով միլիարդավոր դոլլարների ներդրումներ հատկապես կառուցապատման և նավթարդյունաբերության ոլորտներում։ Թուրքիան լիբիական քաղաքացիական պատերազմի սկզբում պահպանում էր առերևույթ չեզոքություն, սակայն առաջին երկրներից էր, որ պահանջեց Քադաֆիից վայր դնել լիազորությունները։ Մամուլում լուրեր տարածվեցին, որ Թուրքիան նույնիսկ երաշխիքներ է ներկայացրել Քադաֆիին երկրից անվտանգ հեռացնելու հարցով, սակայն մերժում է ստացել։ Լիբիական երկրորդ քաղաքացիական պատերազմի տարիներին Թուրքիան շարունակաբար իր աջակցությունն է հայտնել Տրիպոլիում ՄԱԿ-ի կողմից ճանաչված Սարաջի կառավարությանը, նույնիսկ զենք է մատակարարել տարբեր զինյալ խմբերի, որի մասին բարձրաձայնել են ոչ միայն Հաֆթարը [2], այլև Եգիպտոսի և Հունաստանի կառավարությունները։ Թուրքիան, Սարաջի կառավարությանն աջակցելով, նպատակ ունի վերադարձնել տասնյակ միլիարդների ներդրումները, վերականգնել իր ազդեցությունը Լիբիայում, դիմակայել Լիբիայում իր տարածաշրջանային մրցակիցների՝ մասնավորապես Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և ԱՄԷ-ի ազդեցության տարածման դեմ և նաև արգելքներ ստեղծել Արևելյան Միջերկրական տարածաշրջանում Իսրայելի և Կիպրոսի կողմից նախաձեռնված տնտեսական խոշորածավալ «ԻսթՄեդ» ծրագրի իրականացմանը, որից Թուրքիան հանգամանքների բերումով անմասն է մնում։

Այսպես, Արևելյան Միջերկրականի Լևանտական ծովի տարածքում 2009-2010թթ. հայտնաբերվեցին գազի խոշոր պաշարներ ունեցող «Թամար» և «Լեվիաթան» հանքերը [3], որոնք գտնվում են Իսրայելի ծովային բացառիկ տնտեսական գոտում։ «Թամար» գազի հանքի շահագործումն սկսվեց 2013թ. և քանի որ այն տեսանելի ապագայում հիմնականում բավարարում է Իսրայելի ներքին պահանջարկը, «Լեվիաթան» հանքի պաշարների արդյունահանումը դիտարկվում էր հիմնականում արտահանման տեսանկյունից։ 2010թ. Իսրայելը և Կիպրոսը միմյանց հետ պայմանագիր կնքեցին ծովային սահմանների և բացառիկ տնտեսական գոտու (այսուհետ՝ ԲՏԳ) սահմանազատման շուրջ։ Կարճ ժամանակ անց կիպրական ԲՏԳ տարածքում հայտնաբերվեց գազի նոր՝ «Ափրոդիտե» հանքը՝ շուրջ 100-170 մլրդ.խ.մ. գազի պաշարներով, որը նույնպես ենթակա էր արտահանման։ 2012թ. Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի կառավարություններն իսրայելական և կիպրական գազը Հունաստանի տարածքով դեպի Եվրոպա արտահանելու նպատակով համաձայնագիր են կնքում։ Այն ենթադրում էր համագործակցության երեք տարբերակ՝ Կիպրոսի տարածքում հեղուկ գազի տերմինալի կառուցում (10-15 մլրդ. դոլլար), գազամուղի կառուցում ( մոտ 17 մլրդ. դոլլար) և բարձրավոլտ էլեկտրական գծի անցկացում (մոտ 2 մլրդ. դոլլար) Իսրայելից Կիպրոսի տարածքով մինչև Հունաստան։ Այս ծրագիրն առաջացրեց Թուրքիայի դժգոհությունը [4], որի կարծիքով, այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը [5] ևս պետք է մասնաբաժին ունենա հանքից և գազամողի ծրագրից։ Իսրայել-Կիպրոս հարաբերությունների ջերմացմանը զուգահեռ լարվում էին թուրք-իսրայելական հարաբերությունները։

Մի քանի տարի տևած բանակցությունների արդյունքում 2019թ. մարտին Երուսաղեմում Իսրայելը, Կիպրոսը և Հունաստանը կնքեցին միջկառավարական համաձայնագիր 6 մլրդ. դոլլար արժողությամբ «ԻսթՄեդ» գազատարի շուրջ։ Համաձայնագրի կնքմանը մասնակցում էր նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Այս նախագծին դեմ է հանդես եկել Թուրքիան [6], որը փորձում է այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի տարածքը և ծովերի մասին միջազգային իրավունքի նորմերն իր մեկնաբանությամբ օգտագործել գազամուղի ծրագիրը ձախողելու համար։ Վերջերս Արևելյան Միջերկրական տարածաշրջանում գազի արդյունահանման ուղղությամբ կատարված հորատումների պատճառով Կիպրոսի հետ լարված հարաբերությունները և Իսրայել-Կիպրոս-Հունաստան համագործակցությամբ գազատարի ծրագիրը Թուրքիային ստիպեցին ձեռք առնել նոր միջոցներ տարածաշրջանային ցանկացած էներգետիկ նախագիծ կանխելու համար, որտեղ Անկարան մասնակցություն չունի։ Նախ թուրքական ռազմանավը սպառնաց հարվածել Կիպրոսի ԲՏԳ տարածքում իտալական «Էնի» կազմակերպության նավին գեոլոգիական ուսումնասիրություններ անելու ժամանակ, ապա ուղարկեց իր հորատող «Ֆաթիհ» և «Յավուզ», ինչպես նաև գեոլոգիական ուսումնասիրություններ իրականացնող «Բարբարոս Հայրեդդին փաշա» նավերը Կիպրոսի ԲՏԳ տարածքում առանց թույլտվության գործողություններ կատարելու, որը արժանացավ ՄԱԿ-ի և Կիպրոսի խիստ քննադատությանը։ Անհրաժեշտ էր հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով՝ խուսափելով կտրուկ քայլերի հետևանքներից։ 

Արդյունքում 2019թ. նոյեմբերի 27-ին Թուրքիան և ՄԱԿ-ի կողմից Լիբիայի ճանաչված կառավարությունը կնքում են երկու երկրների ծովային սահմանազատման համաձայնագիր։ Համաձայնագիրը վերաբերում է սահմանազատմանը և ռազմական համագործակցությանը, սակայն ծովային համաձայնեցված սահմանների մասին որևէ փաստաթուղթ մինչ օրս չի հրապարակվել։ Financial Times թերթը հայտնում է, որ նոր ծովային սահմանը երկու երկրների միջև անցնում է հունական Կրետե կղզու կողքով, որը կարող է վտանգել Արևելյան Միջերկրական ավազանի գազի պաշարների՝ Եվրոպա տեղափոխման ծրագրերը։ Այս համաձայնությունից բացի Թուրքիան հնարավորություն է ստանում լիբիական կառավարության խնդրանքով և թույլտվությամբ Լիբիա ուղարկել իր զինված ուժերի ստորաբաժանումները [7]։

 Հունաստանի կողմից այս համաձայնագրին հետևեց կոշտ արձագանք։ Վարչապետ Կիրիակոս Միցոթակիսը Կրետե, Հռոդոս, Կարպատոս և Կաստելորիցո կղզիների ծովային սահմանների նկատմամբ անարգանքը թուրք-լիբիական սահմանազատման պայմանագրի շրջանակներում համարեց անօրինական և մեղադրեց Անկարային Հունաստանի ինքնիշխանության և ՄԱԿ-ի ծովերի մասին կոնվենցիայի բացահայտ խախտման մեջ։ 

Իրավական տեսանկյունից Արևելյան Միջերկրական տարածաշրջանում Թուրքիայի քայլերը չեն բխում միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կողմից ընդունված ծովերի մասին կոնվենցիայի կետերից. Թուրքիան նույնիսկ չի էլ վավերացրել այդ կոնվենցիան։ Դրա փոխարեն թուրքական կառավարությունն առաջարկում է ծովային սահմանազատման իր մեկնաբանությունը՝ պնդելով, որ անդրծովյան՝ օֆշորային, ռեսուրսների տնօրինման հարցը պետք է որոշվի՝ հիմք ընդունելով մայրցամաքային ծանծաղուտը, իսկ կղզիների դեպքում (այդ թվում նաև՝ Կրետեի, Կիպրոսի [8]) բացառիկ տնտեսական գոտին պետք է սահմանափակվի տարածքային ջրերից միայն 12 մղոն խորության վրա։  

2020թ. հունվարի 2-ին Թուրքիայի խորհրդարանն արտահերթ նիստում Լիբիայում թուրքական շահերի պաշտպանության նպատակով կողմ քվեարկեց երկրի կառավարության կողմից Լիբիա մեկ տարով թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ ուղարկելու հարցին։ Նախագահ Էրդողանը պնդում էր, որ Ֆայեզ ալ Սարաջի կառավարությունն է խնդրել Թուրքիային աջակցել լիբիական զինված ուժերին։ Մեկ օր անց՝ հունվարի 3-ին, Աթենքում Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը հանդիսավոր կերպով ստորագրեցին «ԻսթՄեդ» գազամուղի ծրագրի կառուցման միջկառավարական համաձայնագիրը։ Դրա համաձայն՝ նոր գազամուղն Իսրայելի տարածքով Միջերկրական ծովի հատակով պետք է գազը տեղափոխի Կրետի կղզի, իսկ այնտեղից Իտալիա և միանա եվրոպական ընդհանուր գազային ցանցին։ 

Այնուամենայնիվ, կարող ենք ասել, որ Թուրքիան շարունակում է տարածաշրջանում սեփական շահերի ամրապնդման ուղղությամբ վարել ինքնուրույն քաղաքականություն։ Կարելի է եզրակացնել, որ Էրդողանը նախընտրում է Լիբիայում որքան հնարավոր է երկարացնել Սարաջի կառավարության կյանքը, քանի որ այդ կառավարության հետ արդեն բանակցված համաձայնագրերը լուրջ արգելքներ են ստեղծում Կիպրոս-իսրայելական գազային ծրագիրը կյանքի կոչելու համար, ինչպես նաև օրինականացնում է Լիբիայի տարածքում թուրքական զորքերի ներկայությունը տարածաշրջանում կանխարգելիչ գործողություններ իրականացնելու տեսանկյունից։

  1. Երկու երկրների միջև առևտրի ծավալները հասնում էին շուրջ 15 միլիարդ դոլլարի։ Թուրքիան Լիբիայի տարածքում ուներ թուրքական աշխատուժով աշխատող մի շարք ձեռնարկություններ։
  2. Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարվեցին 2019թ. ապրիլից հետո, երբ Հաֆթարը հայտարարեց Տրիպոլիի դեմ արշավի մասին։ Անկարան զենք է մատակարարում Սարաջի կառավարությանը՝ որպես պաշտոնական Լիբիայի կառավարության։ Լիբիական հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավածությունն առաջին հերթին չի համապատասխանում Խալիֆա Հաֆթարի ծրագրերին, ում դեմ էլ կառավարական զորքերն օգտագործում են թուրքական զինամթերքը։ Որպես կանխարգելիչ միջոցառում Լիբիական ազգային բանակն արգելեց թուրքական ինքնաթիռների թռիչքները երկրի օդային տարածքով, ինչպես նաև արգելվեց թուրքական նավերին օգտագործել Լիբիայի տարածքային ջրերը նավարկության համար։ Նույնիսկ գերեվարվեցին Թուրքիայի մի քանի քաղաքացիներ, որոնց ազատ արձակեցին միայն Անկարայի կողմից ուղիղ սպառնալիքներից հետո։
  3. Համաձայն որոշ տվյալների՝ գազի պաշարներն այս երկու վայրերում կազմում են մոտ 515 մլրդ. խ.մ.։
  4. 2014թ. փետրվարին թուրքական ռազմանավը հարձակվեց Կիպրոսի ԲՏԳ տարածքում սեյսմիկ ստուգումներ իրականացնող նորվեգական նավի վրա։
  5. 1974թ. Կիպրոսի հյուսիսն օկուպացվեց Թուրքիայի կողմից, որը 1983թ. հռչակեց անկախություն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն անվանումով։ Մինչ այժմ միայն Թուրքիան է ճանաչել Հյուսիսային Կիպրոսի անկախությունը։
  6. 2013թ. բանակցություններ են սկսվում Իսրայելի և Թուրքիայի միջև գազամուղն Իսրայելից Թուրքիա հասցնելու և Թուրքիայի տարածքով գազը Եվրոպա փոխադրելու ուղղությամբ, սակայն այս ծրագիրն իրատեսական չէր, քանի որ այն անցնելու էր Կիպրոսի ԲՏԳ տարածքով, որը դեմ էր ծրագրին։
  7. Նախագահ Էրդողանը 2020թ. հունվարին հարցազրույցներից մեկում հաստատել է, որ թուրքական զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ փուլ առ փուլ տեղափոխվում են Լիբիա, որտեղ նպատակ ունեն հաստատվել Միսուրատա քաղաքում:
  8. Կիպրոսը Միջերկրականի իր հարևաններից Եգիպտոսի (2003թ.), Լիբանանի (2007թ.)  և Իսրայելի (2010թ.) հետ կնքել է ծովային սահմանների սահմանազատման համաձայնագրեր։ Թուրքիան չի կնքել ծովային սահմանազատման համաձայնագիր նշված պետություններից որևէ մեկի հետ։

***

  1. Gall C., “Erdogan Announces First Turkish Troops are Heading to Libya”, NY Times, 5 Jan 2020. https://www.nytimes.com/2020/01/05/world/europe/erdogan-turkish-troops-libya.html (հասանելի է՝ 19.04.2020),
  2. McGregor A., “Libya’s Ansa al Sharia Declares the Islamic Emirate of Benghazi”, Terrorism Monitor Volume:12 Issue, Toronto, 8 Aug 2014.  https://jamestown.org/program/libyas-ansar-al-sharia-declares-the-islamic-emirate-of-benghazi/#.U-gKk_k7uG7 (հասանելի է՝ 19.04.2020),
  3. Schenek H., “What is Turkey Doing in Libya”, DW, Jul 2019. https://www.dw.com/en/what-is-turkey-doing-in-libya/a-49505173 (հասանելի է՝ 19.04.2020),
  4. Shama N.M., “ The Geopolitics of Latent International Conflict in Eastern Mediterranean”, Al Jazeera Center for Studies, 23 Dec 2019. https://studies.aljazeera.net/en/reports/2019/12/geopolitics-latent-international-conflict-eastern-mediterranean-191223074025635.html#a1 (հասանելի է՝ 19.04.2020),
  5. Turner J., “Cyprus and Turkey: The Battle for Oil and Gas in Eastern Mediterranean”, Offshore Technology, Sep. 2019. https://www.offshore-technology.com/features/cyprus-and-turkey-the-battle-for-oil-and-gas-in-the-eastern-mediterranean/  (հասանելի է՝ 19.04.2020),
  6. Smith H., “Greece Hopes Talks with Erdogan Will Ease Maritime Frictions”, The guardian,  Dec, 2019. https://www.theguardian.com/world/2019/dec/03/greece-hopes-talks-with-turkeys-erdogan-will-ease-maritime-frictions (հասանելի է՝ 19.04.2020),
  7. “BBC “ Libya Profile”, BBC,  9 Apr 2019.https://www.bbc.com/news/world-africa-13755445  (հասանելի է՝ 19.04.2020),
  8. “Between Ankara and Athens, The Eastern Mediterranean is Simmering with Tensions ”, France 24, 02 Jan 2020. https://www.france24.com/en/20200102-between-ankara-athens-eastern-mediterranean-simmering-with-tensions-turkey-greece (հասանելի է՝ 19.04.2020),
  9. “Haftar Accuses Turkey of Violating Arms Embargo on Libya”, The Arab Weakly, 12 Dec 2018. https://thearabweekly.com/haftar-accuses-turkey-violating-arms-embargo-libya (հասանելի է՝ 19.04.2020),
  10. “Libyan Commander Haftar orders forces to advance on Tripoli in FinalBattle”, France 24, 12 Dec 2019. https://www.france24.com/en/20191212-libya-commander-haftar-tripoli-battle-egypt-uae-russia(հասանելի է՝ 19.04.2020),
  11. Ministry of Foreign Affair of Greece, 12 Dec 2019. http://tiny.cc/e3c6mz  (հասանելի է՝ 19.04.2020),
  12. “Turkey-Libya Maritime Memorandum: Turkish Ambassador Summoned by the Greek Foreign Ministry for Explanations”, ERT. http://tiny.cc/9101jz (հասանելի է՝ 19.04.2020),
  13. “Turkey Signs Maritime Boundaries Deal with Libya Amid Exploration Row”, Reuters, 28 Nov 2019. http://tiny.cc/u201jz (հասանելի է՝ 19.04.2020),
  14. “Turkey’s Territorial Deal with Libya Stokes Mediterranean Tensions”, Financial Times, 13 Dec 2020. https://www.ft.com/content/203f4b66-1854-11ea-9ee4-11f260415385 (հասանելի է՝ 19.04.2020),
  15. “Turkish Parliament Approves Sending Troops to Libya” , Daily Sabah, 02 Jan 2020 https://www.dailysabah.com/politics/2020/01/02/turkish-parliament-approves-sending-troops-to-libya(հասանելի է՝ 19.04.2020)։
  16.  “Turkey’s Libya move: A Massage of Deterrence to Whom It May Concern”, TRT World, 03 Jan 2020. https://www.trtworld.com/magazine/turkey-s-libya-move-a-message-of-deterrence-to-whom-it-may-concern-32696 (հասանելի է՝ 19.04.2020),
  17. “Why did Turkey Sign a Maritime Deal with Libya?”, TRT World, 10 Dec 2019. https://www.trtworld.com/turkey/why-did-turkey-sign-a-maritime-deal-with-libya-32064 (հասանելի է՝ 19.04.2020)։

Հրանտ Սահակյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանող

*«Երիտասարդ փորձագետ» բաժնում հրապարակված հոդվածներում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակի կարծիքը և կարող են չհամընկնել «Region Monitor»-ի խմբագրության տեսակետների հետ: