Վրաստանի խորհրդարանը 97 կողմ, 10 դեմ ձայներով ընդունել է արտակարգ դրության ժամկետը մինչև մայիսի 22-ը երկարաձգելու որոշումը:
«Որպեսզի նվազեցվի սոցիալ-տնտեսական ճգնաժամի ծանրությունը և թեթևացվի դրա հետևանքները մեր բնակչության վրա, այսօր անհրաժեշտ է պահպանել արտակարգ դրությունը, որպեսզի սահմանափակումները վաղաժամկետ վերացնենք»,-խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Նշվում է, որ Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը չի աջակցել արտակարգ դրության երկարաձգմանը: Ըստ նրանց, պատճառը հակաճգնաժամային ծրագրի բացակայությունն է:
Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել կորոնավիրուսից մահացածների ընտանիքներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին։
Նշենք, որ ապրիլի 22-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան հինգ դեպք։ Բոլոր մահացածները 65-ից բարձր տարիք և հարակից քրոնիկ հիվանդություններ են ունեցել։