Վրաստանն Ուկրաինայից դեսպանին հետ կկանչի, եթե Սաակաշվիլին փոխվարչապետ դառնա

564

Վրաստանն Ուկրաինայից հետ կկանչի իր դեսպանին, եթե Միխեիլ Սաակաշվիլին պաշտոն ստանձնի ուկրաինական կառավարությունում: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։

Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց բարեփոխումների գծով փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել։

Գախարիայի խոսքով՝ Վրաստանի ռազմավարական գործընկերոջ՝ Ուկրաինայի կողմից, «սկզբունքորեն անընդունելի է» Սաակաշվիլիի՝ բարձր պաշտոն զբաղեցնելը, քանի որ նա դատապարտվել է ծանր հանցագործության համար և հետախուզման մեջ է։

«Եթե նման որոշում կայացվի, մենք Կիևից, նվազագույնը, հետ կկանչենք մեր դեսպանին՝ խորհրդակցության համար»,- հայտարարել է Գախարիան։

Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները գրել են Ուկրաինայում Վրաստանի դեսպանի հնարավոր հետ կանչման մասին՝ հայտնելով նաև, որ Թբիլիսին դժգոհ է Զելենսկու՝ Սաակաշվիլիին փոխվարչապետ նշանակելու որոշումից։