Ադրբեջանական նավթի գնի կտրուկ անկում է գրանցվել

651

Ադրբեջանի «Ազերի Չիրագ-Գյունեշլի» հանքավայրերի բլոկում արդյունահանվող և իտալական «Աուգուստա» նավահանգստում CIF պայմաններով մատակարարվող «Azeri Light» նավթի գինը ապրիլի 27-ի դրությամբ մեկ բարելի համար կազմել է 16,25 դոլար, ինչը 2,35 դոլարով քիչ է նախորդ ցուցանիշից: Այս մասին հայտնում է ադրբեջանական «minval.az» կայքը։

Թուրքական «Ջեյհան» նավահանգստում FOB պայմաններով մատակարարվող «Azeri Light» նավթի գինը մեկ բարելի համար կազմել է 14,31 դոլար, ինչը 2,25 դոլարով պակաս է նախորդ ցուցանիշից։

Նշենք, որ ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկրի կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ նավթային շուկայում տիրող ծանր իրավիճակն ամենաքիչը հարվածում է Իրանին, քանի որ երկիրը դադարել է կենտրոնանալ նավթից ստացվող եկամուտների վրա: