Աֆրինի շուկայում մեքենա է պայթեցվել․ կան տասնյակ զոհեր

1429

Սիրիայի հյուսիսային Աֆրին քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ:

Աֆրինին հարակից թուրքական Հաթայ նահանգի նահանգապետի խոսքով՝ Աֆրինի շուկայում պայթեցվել է վառելիքի ավտոցիստեռնը, որի վրա ձեռքի նռնակներ են տեղադրված եղել:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կատարվածի համար մեղադրել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը (PKK), որն արդեն մի քանի տասնամյակ պայքարում է այսօրվա Թուրքիայի տարածքում քրդական ինքնավարություն ստեղծելու համար:

Սիրիայում գործող «Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնի» հրապարակած տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով զոհվել է 40 տեղացի բնակիչ, ինչպես նաև՝ Թուրքիայի դաշնակից սիրիացի ընդդիմադիր ուժերի 6 զինյալ։

Հիշեցնենք, որ Աֆրինն այսօր գտնվում է թուրքական զինուժի և դաշնակից սիրիացի ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ։ 2018 թվականին Թուրքիան Աֆրինում սկսել էր ռազմական գործողություն և, ի վերջո, քաղաքի տարածքից դուրս էր մղել քրդական «Ազգային ինքնապաշտպանության ուժերի» (YPG) զինյալներին։