Լիբանանում թանկացումների և գործազրկության դեմ դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին սկսված բողոքի ցույցերը կրկին ակտիվացել են։ Կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով որոշ ժամանակով դադարեցված բողոքի միջոցառումները երկու օր առաջ նոր թափով են մեկնարկել։
Ապրիլի 28-ի գիշերը հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով ազգային արժույթի՝ լիրայի արժեզրկման, թանկացումների և գործազրկության դեմ։
Ցույցերն ամենից բուռն են եղել երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Տրիպոլիում, որտեղ նախորդ գիշեր ցույցերի ժամանակ մի 26-ամյա ցուցարար է սպանվել։ Զոհված ցուցարարի ավագ քույրը հայտնել է, որ եղբորը սպանել են զինվորականները։
Լիբանանի տարբեր քաղաքներում նախորդ գիշեր ցուցարարները տասնյակ բանկեր են հրդեհել։ Ոստիկանությունն ու բանակը ցույցերը զսպելու համար գազային ռումբ և ռետինե փամփուշտներ են կիրառել, տասնյակ ցուցարարները ձերբակալվել են։