Իրանը սկսում է միջուկային համաձայնությամբ ստանձնած պարտավորություններից հրաժարվելու 4-րդ քայլը

1434

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ նոյեմբերի 6-ից կմեկնարկի Իրանի՝ միջուկային համաձայնությամբ ստանձնած պարտավորություններից հրաժարվելու 4-րդ փուլը: Հ. Ռոհանին հայտարարել է, որ ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպությանը (ԱԷԿ) Ֆորդոյի միջուկային հաստատությունը գործարկելու կարգադրություն է տալու:

Նախօրեին ԻԻՀ ԱԷԿ ղեկավար Ալի Աքբար Սալեհիի մասնակցությամբ Նաթանզի միջուկային հաստատությունում տեղի է ունեցել նոր սերնդի IR6 ցենտրիֆուգների գործարկումը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի՝ միջուկային համաձայնությունից դուրս գալու մեկամյակի օրն ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը Եվրոպային 60 օր ժամանակ տվեց բանկային և նավթային ոլորտներում կատարել պարտավորությունները՝ սպառնալով, որ աստիճանաբար կհրաժարվի միջուկային համաձայնությամբ ստանձնած պարտավորությունների կատարումից: Ուղիղ 60 օր անց, Իրանը հայտարարեց, որ հրաժարվում է միջուկային համաձայնությամբ ստանձնած ուրանը 3.75% ավելի չհարստացնելու պարտավորությունից, նաև արդիականացնելու է Արաքի ծանր ջրի ռեակտորը: