Բակո Սահակյան. «Ադրբեջանը չի հրաժարվել ուժային տարբերակից»

766

Արցախի առջև ծառացած կարևորագույն խնդիրը ժողովրդի անվտանգության ապահովումն է, նրա ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանությունը, ինչի հիմնական գրավականը հզոր ու մարտունակ բանակ ունենալն է: Այդ մասին Արցախի Ազգային ժողովի լիագումար նիստում ասել է նախագահ Բակո Սահակյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը չի հրաժարվել հակամարտության կարգավորման ուժային տարբերակից։

«Ադրբեջանը շարունակում է իրականացնել ռազմատենչ ու հայատյաց քաղաքականություն բոլոր հարթություններում՝ ռազմաքաղաքական, դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվական և այլ ուղղություններով: Դրան դիմակայելու լավագույն միջոցը մեր Զինված ուժերի շարունակական ու հետևողական զարգացումն է, ՊԲ մարտունակության բարձրացումը», — ասել է Սահակյանն՝ անդրադառնալով պաշտպանության, անվտանգության և բանակաշինության ոլորտներում 2019-ին կատարված աշխատանքին, տեղեկացնում է Արցախպրեսը։

Նշվել է, որ 2019-ին արցախյան պատերազմում զոհված զինծառայողների և առաջին խմբի հաշմանդամների ընտանիքների բնակարանների բարելավման ծրագրով՝ 21 ընտանիք ապահովվել է բնակարանով, 83 ընտանիքի բնակարանները վերանորոգվել են: Բնակարանով ապահովվել է նաև ՊԲ զինծառայողների և զինվորական թոշակառուների 53 ընտանիք, 6 ընտանիք ստացել է բնակարանի ձեռքբերման դիմաց փոխհատուցում:

Սահակյանը նշել է, որ կառավարությունը մշակել է նախկին զինծառայողների ընտանիքներին բնակարան ձեռքբերելու կամ բնակելի տուն կառուցելու համար անհատույց, պետական, ֆինանսական աջակցության տրամադրման կարգը։ Համաձայն կարգի՝ շրջկենտրոններում և գյուղական բնակավայրերում հաշվառված շահառուներին բնակարան գնելու կամ բնակելի տուն կառուցելու համար կտրամադրվեն բնակարանի գնման, կառուցման հավաստագրեր՝ հասանելիք բնակտարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց Շուշի քաղաքում 160,000 դրամի, իսկ մնացած բնակավայրերում՝ 100,000 դրամի չափով:

Ապրիլի 29-ի՝ ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ-ոց ականանետեր: Սա 2019-ի հունիսից ի վեր ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ ականանետային զինատեսակի կիրառման առաջին դեպքն է: