Ադրբեջանում լրագրողներն ու ակտիվիստները անհիմն ձերբակալվում կամ «անհետանում» են

625

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է ադրբեջանական «Ազատություն» թերթի թղթակից Սաադատ Ջահանգիրի  անհիմն ձերբակալությունը, ով մայիսի 1-ին 8-ժամյա հարցաքննության էր ենթարկվել։

Կազմակերպության թվիթերյան էջում կատարված հրապարակման համաձայն՝ դատախազության աշխատակիցները լրագրողին թույլ չեն տվել փաստաբան կանչել կամ տեղեկացնել մտերիմներին իր ձերբակալության մասին։

Հայտնի է դարձել նաև, որ դատախազության աշխատակիցները խաբեությամբ են ներխուժել  լրագրողի բնակարան՝ ներկայանալով որպես գազամատակարարման ծառայության աշխատակիցներ։ Նրանք անօրինական խուզարկություն են իրականացրել, առգարվել են Ջահանգիրիի համակարգիչը, հեռախոսը և գումար, այդ ամենը հարցաքննությունից հետո անգամ չի վերադարձվել տիրոջը։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ դադարեցնել նման անօրինակությունները։ Նրանք հիշեցրել են, որ Ջահանգիրին անհիմն ձերբակալվել, հարցաքննվել և տուգանվել  էր նաև փետրվարի 28-ին՝ կարանտինային ռեժիմը խախտելու պատրվակով։

Իսկ մայիսի 2-ին Ադրբեջանում «անհետացել է» «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության (AHCP) ակտիվիստ Էլվին Մամեդովը։ Ստացված տեղեկության համաձայն՝ նրան կանչել են աշխատանքի, որից հետո նա այլևս չի վերադարձել։ Հարազատները ահազանգել են ոստիկանություն, իսկ ոստիկանությունից պատասխանել են, որ Մամեդովը ձերբակալված է։ Սակայն իրավապահները չեն կարողացել պատասխանել այն հարցին, թե ինչի համար է ձերբակալվել ակտիվիստը կամ ինչու ձերբակալության մասին հարազատներին ոչինչ չի տեղեկացվել։

Մայիսի 4-ի երեկոյան Մամեդովը զանգահարել է հարազատներին և տեղեկացրել, որ գտնվում է Բինագադինի մեկուսարանում։ Հայտնի է դարձել նաև ձերբակալության ժամկետը՝ 30 օր։ Ակտիվիստը չի հասցրել տեղեկացնել ձերբակալման հիմքերի մասին, քանի որ նրան թույլ են տվել հարազատների հետ խոսել միայն մեկ րոպե։