Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է հայ բարերար Հարություն Շանլըն

604

Մայիսի 6-ի երեկոյան Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել է Թուրքիայի հայկական հիմնադրամների գլխավոր քարտուղար և Պոլսի Գեդիքփաշայի հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնադրամի ղեկավար Հարություն Շանլըն: Այս մասին հայտնում է Պոլսի Ակոս շաբաթաթերթը։

Նշվում է, որ Շանլըն շաբաթներ առաջ վարակվել էր կորոնավիրուսով և երկար ժամանակ գտնվում էր բժշկական վերահսկողության տակ։ Շանլըի մահվան բոթը մեծ ցավ է պատճառել պոլսահայ համայնքին։

Շանլըն ծնվել էր 1964 թ., հաճախել էր Գեդիքփաշայի Մեսրոպյան վարժարան, զբաղվում էր առևտրով։ Երկար տարիներ գլխավորում էր Գեդիքփաշայի թաղային խորհուրդը և ակտիվ ներհամայնքային գործունեություն էր ծավալում։ Ամուսնացած էր, ուներ երկու զավակ։

Շանլըի ընտանիքի անդամներին և հարազատներին ցավակցություն և զորակցություն են հայտնել Կ․ Պոլսի Հայոց պատրիարքարանը, Հիմնադրամների ղեկավարությունը, Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորներ Կարո Փայլանը և Մարգար Եսայանը։