ԱՄՆ-ը վճռել է Սաուդյան Արաբիայից դուրս բերել «Patriot» ԶՀՀ համակարգերը

2408

ԱՄՆ-ի իշխանությունները Սաուդյան Արաբիայից դուրս են բերում «Patriot» զենիթահրթիռային համակարգերը, դիտարկվում է նաև այդ երկրում տեղակայված ամերիկյան զորքի քանակի կրճատման հարցը։

Ինչպես տեղեկացնում է «Wall Street Journal»-ը՝ ԱՄՆ-ը մասնավորապես դուրս է բերում «Patriot» զենիթահրթիռային համակարգերի 4 մարտկոցներ, ինչպես նաև՝ մի քանի տասնյակ զինվորականների, ովքեր Սաուդյան Արաբիա էին ուղարկվել նախորդ տարի՝ սաուդյան մի շարք նավթային օբյեկտների վրա հարձակումներից հետո։

Թերթը գրում է, որ ամերիկյան ռազմական ուժերի դուրսբերումը տարածաշրջանից պայմանավորված է որոշ մասնագետների գնահատականով, համաձայն որի՝ Իրանն այլևս անմիջական վտանգ չի ներկայացնում ամերիկյան ռազմավարական շահերի համար։

2019թ․ սեպտեմբերին անօդաչուներով հարձակում էր իրականացվել սաուդյան երկու նավթամշակման գործարանների վրա։Աշխարհում նավթի երեք խոշող արդյունաբերողներից մեկը հանդիսացող Սաուդյան Արաբիան հարձակումից հետո հայտարարել էր, որ նավթի արտադրությունը կրճատվել է գրեթե հիսուն տոկոսով՝՝ հասնելով օրական 5․7 միլիոն բարելի՝ նախկին 9․8 միլիոնի փոխարեն։

ԱՄՆ-ը հայտարարել էր, որ հարձակման հեղինակը Իրանն է։ ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը 2019թ․ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին որոշում էր կայացրել ավելացնելու Սաուդյան Արաբիայում ամերիկյան ռազմական ներկայությունը՝ այնտեղ տեղակայելով ևս 3 նոր «Patriot» զենիթահրթիռային համակարգեր և ռազմական օդանավերի 2 էսկադրիլիա։