Թուրքիան սկսել է Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերի շահագործումը

1527

Թուրքիան մասնակիորեն սկսել է շահագործել Ռուսաստանից գնված S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը: «S-400-ի տեղակայումը շարունակվում է, եւ որոշակի համակարգեր սկսել են շահագործվել»,- ասել է թուրք պաշտոնյան:

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանին «ցանկալի հասանելիություն» չի տրամադրվի Թուրքիայում տեղակայված S-400-ներին:

«Չնայած նրան, որ մատակարարման պայմանագիրը թուրքական անձնակազմի վերապատրաստման, սպասարկման, տեխնիկական աջակցության վերաբերյալ կետեր է պարունակում, այնուամենայնիվ, ռուսական կողմը չի ունենա ցանկալի հասանելիությունը S-400 մարտկոցներին»,- պնդել է պաշտպանական արդյունաբերության ղեկավարը:

Ապրիլի 30-ին Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ ռուսական ՀՕՊ համակարգերի գործարկման գործընթացը հետաձգվում է նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտեգուսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը խիստ անհանգստացած է Անկարայի՝ S-400-ի շահագործումը շարունակելու մասին հաղորդումներով։