Մայիսի 11-ին Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի երկրները հանդես են եկել Թուրքիայի վարած քաղաքականության և Անկարայի կողմից միջազգային իրավունքի բազմակի խախտումների կոշտ դատապարտմամբ:
Հունաստանի, Եգիպտոսի, Կիպրոսի, Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարները տեսակոնֆերանսի ձևաչափով խորհրդակցություն են անցկացրել տարածաշրջանային թեմաներով:
Նախարարները դատապարտել են Կիպրոսի բացարձակ տնտեսական գոտում և նրա տարածքային ջրերում Թուրքիայի գործողությունները, դրանք որակելով՝ միջազգային իրավունքի և Ծովային իրավունքի ՄԱԿ-ի կոնվենցիայի բացահայտ խախտում:
«Սա մեկ տարվա մեջ Կիպրոսի ծովային տարածքներում անօրինական երկրաբանական հետազոտություն իրականացնելու Թուրքիայի 6-րդ փորձն է»,- ասվում է նախարարների համատեղ հայտարարության մեջ:
Նախարարները քննարկել են նաև Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքի հաճախացած խախտումները: Արտգործնախարարները պահանջել են Թուրքիայից հարգել այլ երկրների ինքնիշխանությունը: