Սիրիայի Իդլիբ նահանգով անցնող Հալեպը Միջերկրական ծովի ափին միացնող M4 մայրուղու մի հատվածում, որտեղ ռուս-թուրքական համատեղ պարեկային խումբը սկսել է իրականացնել 10-րդ հերթապահությունը, պայթյուն է տեղի ունեցել:
Պարեկային երթուղիներից մեկը Լաթաքիա-Հալեպ մայրուղու այն հատվածն է, որը դեռ գտնվում է գրոհայինների վերահսկողության տակ:
Նշվում է, որ մայիսի 11-ին ռուս-թուրքական պարեկային ծառայողները 10-րդ համատեղ պարեկային հերթապահությունն իրականացնելիս տեղի բնակիչները ձվեր են նետել պարեկային ծառայողների ուղղությամբ: Թուրք զինծառայողները լուսաձայնային նռնակներ են կիրառել, որպեսզի ցրեն բողոքավորներին, ինչից հետո լսվել է պայթյունը:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դեպքի վայրում հնարավոր է պայթած լինի ինքնաշեն պայթուցիկ սարք կամ անհայտ անձինք կրակած լինեն նռնականետից: Նախնական տվյալների համաձայն՝ տուժողներ չեն եղել:
Չնայած միջադեպի հետևանքով ռուս և թուրք զինվորականների շրջանում զոհեր չեն եղել, կողմերը որոշել են հետաձգել պարեկությունը: Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական գերատեսչությունները դեռ չեն մեկնաբանել դեպքը:
Հիշեցնենք, որ Իդլիբում համատեղ պարեկություն իրականացնելու հարցում Մոսկվայի ու Անկարայի միջև համաձայնություն էր ձեռք բերվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` մարտի 5-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում:
Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարներն Իդլիբում հրադադար հաստատելուց բացի պայմանավորվել էին, որ թուրքական և ռուսական զինվորական ստորաբաժանումները մարտի 15-ից պարեկություն կիրականացնեն M4 մայրուղու Տրումբա (Սարաքիբ շրջանից 2 կմ արևմուտք) – Այն ալ-Հավր հատվածում։