Թուրքիայի առևտրի կենտրոնները վերաբացման օրը 1․2 մլն այցելու են ունեցել

632

Թուրքիայում մայիսի 11-ին վերաբացվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով փակված առևտրի և զվարճանքի խոշոր կենտրոնները։ Հենց առաջին օրը այդ կենտրոնների այցելուների թիվը կազմել է 1 մլն 226․000։

Նշենք, որ սովորական պայմաններում Թուրքիայում ամեն օր առևտրի կենտրոններ էին այցելում շուրջ 6․5 միլիոն քաղաքացիներ։ Այլ կերպ ասած՝ կենտրոնների հաճախելիությունը վերաբացումից հետո կազմել է 23 տոկոս։ Ընդ որում՝ այդ թվի շուրջ 40 տոկոսը բաժին է ընկել երկրի խոշորագույն քաղաքներին՝ Ստամբուլին և Անկարային։

Ուշագրավ է, սակայն, որ ներկայումս այդ այցելությունները նախկինի համեմատ ավելի նպատակային են։ Այսպես, եթե նախկինում կենտրոնների 100 այցելուից 8-ն էին որոշակի գնումներ կատարում, ապա այժմ գնումներ են կատարում յուրաքանչյուր 10 այցելուից 8-ը։ Դրա շնորհիվ վաճառքի ծավալները, չնայած այցելուների թվի ավելի քան քառակի նվազմանը, կազմել է շուրջ 40 տոկոս։