Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին մեկնաբանել է Իրանի վերաբերյալ որոշման նախագծի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վետոյի կիրառումը։
Մայիսի 7-ին Թրամփը վետո էր կիրառել Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու իրավունքը սահմանափակող որոշման դեմ, որը մինչ այդ հավանության էր արժանացել ԱՄՆ կոնգրեսի ստորին և վերին պալատների կողմից։
«Այս որոշման նկատմամբ Թրամփի կողմից վետոյի կիրառումը երկու նպատակ կարող է ունենալ։ Առաջինը՝ ամերիկյան քաղաքական կուսակցությունների միջև առկա տարածայնությունները և առաջիկա ընտրություններում հաղթանակ ապահվելու ձտումը։ Երկրորդը՝ ԱՄՆ-ը ամենայն հավանականությամբ պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների։ Հուսով ենք՝ իրականում Թրամփի նպատակն այս երկրորդը չէ, որովհետև Իրանը ցանկացած ռազմական միջամտության շատ խիստ պատասխան կտա», – ասել է դեսպանը՝ լրատվամիջոցների հետ զրույցում։
Դոնալդ Թրամփն իր հերթին մեկնաբանել է վետոյի կիրառման պատճառները։ Նրա խոսքով՝ այդ որոշումը սահմանափակում է իր իրավունքները, ինչի հետևանքով անհրաժեշտության դեպքում նա հնարավորություն չի ունենալու արագ որոշումներ կայացնել և պաշտպանել իր երկիրն ու դաշնակիցներին։
Հավելենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թրամփի վարչակազմը բնութագրել է որպես ԱՄՆ-ի՝ երբևէ ունեցած ամենավատ կառավարությունը։