Մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսի իրավիճակը տարածաշրջանում

656

Regionmontor.com-ը ներկայացնում է մայիսի 14-ի դրությամբ տարածաշրջանում կորոնավիրուսի տվյալները։ Ստորև ներկայացվում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Արցախի COVID-19-ի հետ կապված ընթացիկ տվյալները։

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է մայիսի 13-ին արձանագրված կորոնավիրուսի տվյալները։ Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացվել է 33․332 թեստ, որոնցից 1639-ի պատասխանը դրական է եղել։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 58 դեպք, առողջացել է 2․826 մարդ։ Այսպիսով, ըստ ընդհանուր տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 143․144 հաստատված դեպք և մահվան 3․952 դեպք, առողջացել է 101․715 հիվանդ:

Ադրբեջանում մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2․879-ի, որից 35-ը մահվան ելքով։ Ապաքինվել է 1․833 մարդ։ Հիվանդանոցում բուժվում է 1․011 մարդ, որից 29-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 38-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար։ Մինչև այսօր 214.291 թեստ է իրականացվել։

Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մեկ մահվան դեպք, իսկ վարակվածների թիվն ավելացել է 5-ով։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stopcov.ge կայքէջը: Այսպիսով, հաստատված 652 դեպքից բուժվողների թիվը կազմում է 252, մահացածների թիվը՝ 12, իսկ ապաքինվածներինը՝ 383: Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմում է 4․233, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ է գտնվում 373 մարդ:

Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1․808-ով՝ կազմելով 114․ 533: Նախորդ օրվա ցուցանիշով՝ վարակվածների թիվը 1․958 էր։ Նույն ժամանակահատվածում մահվան 71 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 6․854։ Նախորդ օրվա ցուցանիշով՝ մահվան 50 դեպք էր արձանագրվել։ Ապաքինված հիվանդների թիվը կազմում է 90․539: Նախորդ օրվա ցուցանիշով ապաքինվածների թիվը 89․428 էր։ 2․758 հիվանդ գտնվում է ծանր վիճակում։ Մինչև օրս Իրանում 643․772 թեստ է անցկացվել։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 142–ով և դարձել 3860։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 2․218 մարդ, կատարվել է 36․016 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1․572–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 49 դեպք և մահվան 21 անուղղակի դեպք: Մայիսի 13-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 3․718 էր:

Արցախում մայիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20 դեպք, որոնցից 8-ը՝ բուժված: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 434 մարդ, կա 25 մեկուսացված անձ։ Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 6 նոր դեպք։