Իրանի ուրբաթօրյա աղոթապետերից մի քանիսն իրենց ելույթներում անդրադարձել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Ադրբեջանի կողմից հրահրվող լարվածությունը դիտարկվել է որպես արտատարածաշրջանային ուժերի կողմից Ադրբեջանի միջոցով իրականացվող դավադրություն ընդդեմ Իրանի:

Այս թեմային անդրադարձած աղոթապետերի խոսքում կարմիր թելով անցնում է այն միտքը, որ Ադրբեջանը գործիք է դարձել «սիոնիստական ուժերի» և «որոշ հարևանների» ձեռքում, և նրանց դրդմամբ հակառակ է գործում բարիդրացիության սկզբունքներին, ի տարբերություն Իրանի, որը միշտ աջակցել է Ադրբեջանին:

Մասնավորապես Հորմոզգանում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը նշել է. «Այսօր սիոնիստական հոսանքը բույն է դրել Բաքվի հանրապետությունում։ Ո՛չ Ադրբեջանի ժողովուրդը կընդունի, որ իր կառավարությունը լինի սիոնիստների տրամադրության տակ և ո՛չ էլ տարածաշրջանի ժողովուրդները դա կհանդուրժեն։ Հայաստանի ու Իրանի հաղորդակցական ուղին սիոնիստական ռեժիմի և հարևան որոշ երկրների հրահրմամբ փակել են»:

Նրա խոսքով՝ Իրանի թշնամիները ցանկանում են փոխել տարածաշրջանի աշխարհաղաքաղաքականությունը, սակայն Իրանի բանակի ու ԻՀՊԿ-ի զորավարժությունները հարևան երկրների համար ահազանգ են։

Նա նաև խոսել է տարածաշրջանային լարվածության հարցում Թուրքիայի ներգրավվածության մասին՝ նշելով. «Բաքվի ժողովրդի մեծ մասը շիաներ են, և Բաքվի ու Թուրքիայի կառավարությունները չեն կարող պանթյուրքիստական ու ազգայնամոլական գաղափարներով տարածաշրջանում անկայունություն ստեղծել։ Հարևան երկրները թող իմանան, որ եթե սիոնիստների թակարդն ընկնեն, Իրանն էլ իր հաղթաթղթերը կօգտագործի»։

Քալփուշի ուրբաթօրյա աղոթապետի համոզմամբ՝ Հայաստանի հետ Իրանի սահմանը վերացումը Կովկասում Իրանի դիրքերը կխարխլի։ Նրա կարծիքով՝ Իրանի հյուսիսային սահմաններին տեղի ունեցող իրադարձություններն Իսրայելի ու ԱՄՆ-ի դավերի մասին են վկայում, որտեղ Էրդողանը մեկ տեսակի, Ալիևը՝ մեկ այլ տեսակի խաղի մեջ են մտել։

Բիլեսուվարի ուրբաթօրյա աղոթապետն էլ Ադրբեջանն անվանել է Թուրքիայի ու «սիոնիստական ռեժիմի» խամաճիկ և հայտարարել, որ Իրանը պատրաստ է պայքարել Հայաստանի հետ:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here