Իրաքի ընտրական բարձրագույն հանձնաժողովը նոյեմբերի 30-ին հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները և նշել, որ ձեռքով իրականացրած վերահաշվարկի ժամանակ փոխվել են միայն 5 մանդատներ՝ Բաղդադ, Էրբիլ, Մոսուլ, Բասրա և Քիրքուք մարզերում: Այս մասին գրում է Al Jazeera-ն:

Հանձնաժողովը հայտարարել է, որ ընտրական իրավունք ունեցող 22 միլիոն քաղաքացիների  44%-ը՝ ավելի քան 9.6 միլիոն քաղաքացիներ քվեարկել են խորհրդարանական ընտրություններում: Ընտրություններում ներկայացված են եղել  167 կուսակցություններ, իսկ ավելի, քան 3200 թեկնածուներ պայքարել են պատգամավորական մանդատների համար:

Համաձայն հանձնաժողովի հրապարակած վերջնական արդյունքների՝ Մուքթադա Ալ-Սադրի գլխավորած «Ալ-Սադր» բլոկը հաղթել է ամենաշատ տեղերը խորհրդարանում. 329 պատգամավորական մանդատներից այն ստացել 73 մանդատ:

Հաջորդը խորհրդարանի նախկին խոսնակ Մուհամմադ Ալ-Հալբուսիի գլխավորած «Առաջընթաց» կուսակցությունն է, որը  նոր խորհրդարանում զբաղեցնելու է 37 տեղ:

«Օրենքի երկիր» կոալիցիան՝ նախկին վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի գլխավորությամբ հաղթել է 33 պատգամավորական մանդատ:

Քրդերին ներկայացնող կուսակցությունները նույնպես ներկայացված են լինելու երկրի նոր խորհրդարանում: Մասնավորապես Մասուդ Բարզանիի գլխավորած Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը ստացել է 31 պատգամավորական մանդատ, իսկ նրա մրցակից «Քուրդիստան» դաշինքը՝ 17:

Իրանամետ շիա «Ալ-Ֆաթահ» դաշինքը ստացել է 17 մանդատ: Սակայն դաշինքը հայտարարել է, որ չի ճանաչում ընտրությունների վերջնական արդյունքները և կազմակերպելու է բողոքի ակցիաներ: 

Նշենք, որ ընտրությունների վերջնական արդյունքները հրապարկումից հետո կուղարկվեն Դաշնային դատարան հաստատման համար առավելագույնը 10 օրվա ընթացքում: Այնուհետև 15 օրերի ընթացքում ամենատարեց պատգամավորի գլխավորությամբ ձևավորվելու է  նոր խորհրդարան՝  խորհրդարանի նախագահին և նրա երկու տեղակալներին ընտրելու համար: Հետո խորհրդարանը գումարելու է նոր նիստ, որի ժամանակ ընտրելու է երկրի նախագահին: Նորընտիր նախագահն էլ իր հերթին խորհրդարանական մեծամասնություն կազմող կուսակցությունից վարչապետի թեկնածու է առաջադրելու: Այս ամենը պետք է իրականացվի մեկ ամսվա ընթացքում:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here