Իրաքը բողոքի նոտա է հղել Թուրքիային։ Պատճառը թուրքական զինված ուժերի ներխուժումն է Իրաքի հյուսիս և այնտեղ ռազմական օպերացիա իրականացնելը:

Իրաքում Թուրքիայի դեսպան Ալի Ռիզա Գյունեյը կանչվել է Իրաքի արտգործնախարարություն, որտեղ էլ նրան է հանձնվել «դիվանագիտական խիստ ձևակերպումներով» նոտան: Հաղորդվում է, որ դրանում Անկարայից պահանջվել է վերջ դնել սադրիչ գործողություններին ու Իրաքի տարածքային ամբողջականության անընդունելի խախտումներին:

Ըստ Բաղդադի՝ Թուրքիայի գործողություններն Իրաքում իրենց հետ նախապես համաձայնեցված չեն եղել: Թուրք դեսպանին հայտնել են, որ նման իրավիճակում Իրաքն ունի բոլոր իրավունքները՝ ձեռնարկելու համապատասխան միջոցներ:

Ավելի վաղ էլ նմանատիպ հայտարարություն էր տարածել Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը։ Նա թուրքական զինուժի ռազմական գործողությունն անվանել էր Իրաքի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք։

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը նոր ներխուժում են իրականացրել Իրաքի հյուսիսային շրջաններ, որտեղ գտնվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ճամբարները, պահեստներն ու թաքստոցներ:

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության՝ «Մագիլ-կողպեք» անվանումով ռազմական օպերացիան ընդգրկում է Իրաքի Մեթինա, Զափ և Ավաշին-Բասյան շրջանները:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here