Ադրբեջանական և իրանական լրատվամիջոցներում լարվածությունը տևական ժամանակ է շարունակվում է: Նախորդ ամիս Աֆղանստանում Իրանի նախկին դեսպան Աբուլֆազլ Զահրվանդը «սկանդալային» հարցազրույց էր տվել, համաձայն որի՝ «հայերի և իրանցիների հարաբերությունները դարերի կտրվածքով միշտ դաշնակցային են եղել, իսկ ադրբեջանցիները որպես այդպիսին գոյություն չունեն և նրանք իրանցիներ են։ Ադրբեջանը պետք է վերադառնա Իրանին»:

Այս հարցազրույցից հետո ադրբեջանական ԶԼՄ-ներում հակաիրանականության նոր ալիք է տարածվել: Զուգահեռաբար իրանական լրատվամիջոցներում Ադրբեջանի դեմ ուղղված թեմաներով տարբեր նյութեր են հրապարակվում, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի», հակաիրանական պանթյուրքիստ խմբավորումների, Իլհամ Ալիևի ընտանիքի օֆշորային փողերի վերաբերյալ։

Լրատվամիջոցների հրապարակումներում տեղ են գտել հետևյալ շեշտադրումները.

  1. Հետևելով «Սիոնիստական ռեժիմի» խորհուրդներին Բաքուն ավելի հրապարակային է դարձրել իր աջակցությունը հակաիրանական պանթուրքական անջատողականներին և օրակարգ է դնում այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» խնդիրը։
  2. Թուրքիան և Ադրբեջանը երկու տարուց ավել է ինչ պատերազմում են և ցանկանում են իրագործել մեծ թուրքական աշխարհի ենթադրյալ ծրագիրը՝ գրավելով Հայաստանի հարավը և կտրելով Իրանի սահմանն այս երկրի հետ։
  3. Իլհամ Ալիևը մի քանի ամիս է, ինչ վտանգավոր հայտարարություններ է անում «Զանգեզուրի միջանցքն» իր երկրին միացնելու մասին։ Ադրբեջանի նախագահի հստակ հայտարարությունները և նրա վերջին թվիթը Լաչինի շրջանում ադրբեջանական զինուժի տեղակայման մասին ցույց են տալիս, որ Ադրբեջանի նախագահը ձգտում է իրականացնել իր «բաղձալի երազանքը»։
  4. Իրանը տարածաշրջանում միակ երկիրն է, որը 44-օրյա պատերազմի սկզբից ի վեր հավասարակշռված դիրքորոշում է որդեգրել, և այժմ ծրագրում է հավասարակշռություն հաստատել Բաքվի և Երևանի նկատմամբ։
  5. Ադրբեջանը և Նախիջևանը Թուրքիային կապող անկախ միջանցքը վտանգ է ներկայացնում Հայաստանի տարածքով հյուսիս-հարավ տարանցիկ երթուղիների համար: Իրանի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ տարածաշրջանի սահմանների փոփոխությունը անընդունելի է։
  6. Ադրբեջանում պետական մակարդակով կոռուպցիա է իրականացվում: Ալիևների ընտանիքը միլիոնավոր դոլարների ակտիվներ ունի Ադրբեջանի սահմաններից դուրս։ Ալիևների իշխանության տարիների ընթացքում Ադրբեջանի սահմաններից դուրս գրանցվել են անհայտ օֆշորային ընկերություններ՝ դարձյալ Ալիևների ընտանիքին պատկանող:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here