2021 թ․ օգոստոսի 15-ին Տալիբան շարժման զինված ջոկատները մտան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ։ Նախկին իշխանություններն ԱՄՆ զորքերի հեռանալուց հետո չկարողացան դիմակայել Տալիբանի զինված առաջխաղացմանը։ Արդյունքում իշխանությունն առանց դիմադրության հանձնվեց Տալիբանին, և վերջինը սկսեց նոր կառավարության ձևավորումը։ Աֆղանստանը հռչակվեց Աֆղանստանի Իսլամական Էմիրություն, որը, սակայն, չի ճանաչվել ոչ մի երկրի կողմից։ Համաշխարհային հանրության կողմից մեկուսացված իշխանության համար կենսական էր արտաքին կապերի հաստատումը և այլ երկրների կողմից օգնությունը՝ կապված հումանիտար աղետի և ֆինանանսական բարդ դրության հետ։
Իշխանության գրավումից հետո առաջացած մարտահրավերները
Տալիբանի կողմից իշխանությունը գրավելուց հետո Աֆղանստանի ամբողջ տարածքը չէր գտնվում նրանց հսկողության տակ։ Երկրի հյուսիսում Ահմեդ Մասուդ կրտսերի գլխա-վորությամբ կազմավորվել էր ինքնավարություն, որը չէր ճանաչում Տալիբանի իշխանությունը։ Երկրի մեծ մասի գրավման ժամանակ Տալիբանը առանձնապես դիմադրության չէր հանդիպել, բացի Հերատից, որտեղ դիմադրության անդամների քանակը շատ փոքրաթիվ էր։ Իսկ արդեն Մասուդի հետ բախման դեպքում ճիշտ է՝ տալիբներն ունեին առավելություն, բայց հակամարտությունը կտևեր երկար ժամանակ և կունենար արյունալի ընթացք, ինչն այդ ժամանակ ավելի շատ կվնասեր արտաքին քաղաքականությանը։ Առանց լուրջ զինված բախումների իշխանության եկած տալիբները չէին ցանկանում արյունալի բախման հետևանքով ավելի մեկուսացվել համաշխարհային հանրության կողմից։ Մյուս կողմից Մասուդին քաղաքական օգնություն էր ցույց տալիս Տաջիկստանը, որը հարևան երկրներից միակն էր, որը երկխոսություն չէր սկսել Տալիբանի հետ և պաշտպանում էր Աֆղանստանի էթնիկ տաջիկներին։ Պակիստանի արտգործնախարար Շահ Մահմուդ Կուրեյշի հետ հանդիպման ժամանակ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հայտարարել էր, որ Տալիբանի իշխանության գալը ավելի դժվարեցրեց աշխարահաքաղաքական գործընթացը։
Արտաքին քաղաքականության աշխուժացումը
Մինչ տալիբները զբաղված էին ներքին խնդիրներով, Պակիստանի արտգործնախարար Շահ Մահմուդ Կուրեյշին ացելում է Իրան, Տաջիկստան, Ուզբեկստան և Թուրքմենստան՝ հասկանալու այդ երկրների դիրքորոշումը Տալիբանի հետ հետագա երկխոսության զարգացման համար։ Պարզ դարձավ, որ տարածաշրջանի երկրներին առաջնային հետաքրքրում են անվտանգային խնդիրները, և որ առանց արտաքին օգնության Աֆղանստանը կվերածվի տարածաշրջանում ծայրահեղականության կենտրոնի։ Աֆղանստանի արտաքին քաղաքականության վրա նշված ժամանակահատվածում հսկայական ազդեցություն ունեին Կատարը և Պակիստանը։ Մինչ իշխանության վերադառնալը, Տալիբանի պաշտոնական գրասենյակը գտնվում էր Կատարի մայրաքաղաք Դոհայում, իսկ ԱՄՆ ներխուժումից խուսափած տալիբանյան ղեկավարները հաստատվել էին Պակիստանում և սերտ կապեր ունեին Պակիստանի արտաքին հետախուզության հետ։ Իշխանությունը Տալիբների կողմից գրավվելուց հետո արևմտյան երկրներն իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները տեղափոխեցին Կատար, որն իր հերթին դարձավ միջնորդ Աֆղանստան-Արևմուտք երկխոսության համար։ Կատարի արտգործնախարար Աբդել Ռահման Ալ-Թանին առաջին բարձրաստիճան դիվանագետն էր, ով իշխանափոխությունից հետո այցելեց Քաբուլ՝ տալիբների հետ բանակցելու։ Հատկանշական է, որ մինչ այդ Տալիբանի առաջնորդներ Հաքքանիի և Բարադարի միջև իշխանության համար բախումներին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու համար Քաբուլ էր ժամանել Պակիստանի արտաքին հետախուզության ղեկավար գեներալ Ֆաիզ Համիդը։ Միայն նրա միջնորդությունից հետո կողմերը համաձայնության էին եկել նոր կառավարություն ձևավորման հարցում։
Տալիբանի նախկին գլխավոր աջակիցներից Սաուդյան Արաբիան, որը 90-ականներին ճանաչել էր տալիբանյան իշխանությունը, այս անգամ չէր շտապում նոր իշխանության ճանաչման հարցում: Այս մասին հայտարարել էր Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսան բին Ֆարհան Ալ-Սաուդը India Today-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ իրենք ոչ մի կապ չեն պահում Տալիբանի հետ։
Տալիբանի՝ արտաքին քաղաքական ճանաչում ստանալու ճանապարհին հաջորդ քայլը ՄԱԿ նամակ ուղարկելն էր, ըստ որի՝ շարժումը ցանկանում է ՄԱԿ-ում հատուկ ներկայացուցիչ նշանակել Սոհայլյա Շահինին և խնդրում է ելույթի իրավունք։ Այս նամակը փոխանցվել էր 9 պետությունների՝ որոշում կայացնելու նպատակով, որոնց մեջ էին մտնում ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը։ Սա լուրջ քայլ էր հետագա համաշխարհային ճանաչում ստանալու ճանապարհին, որը, սակայն, դրական գնահատանքի չարժանացավ, քանի որ մերժման հիմնական դրդապատճառները Աֆղանստանում մարդու իրավունքների ոտնահարումը, խոսքի ազատության սահմանափակումը և այլախոհների հանդեպ բռնություներն էին։
Դիվանագիտական կապերի զարգացման հեռանկարները տարածաշրջանային խաղացողների հետ
2021 թ․ օգոստոսի 31-ին տեղի ունեցավ առաջին հանդիպումը Հնդկաստանի և Տալիբանի ներկայացուցիչների միջև Դոհայում։ Հանդիպումը կայացել էր Տալիբանի արտաքին քաղաքական գրասենյակի ղեկավարի տեղակալ Շեր Աբբաս Մուհամմադ Ստանիկզայայի հետ, որի ժամանակ քննարկվել էր Աֆղանստանում մնացած քաղաքացիների ճակատագիրը, ինչպես նաև Աֆղանստանի քաղաքացիների, հատկապես էթնիկ փոքրամասնությունների Հնդկաստան այցելելու հնարավորությունը։ Հատկանշական էր, որ հանդիպումը կազմակերպվել էր տալիբանյան կողմի ջանքերով, ինչը վկայում է շարժման ղեկավարների տարածաշրջանային կապերը ամրապնդելու ձգտման մասին։ 2021թ․ սեպտեմբերի 23-ին Ռուսաստանի, Պակիստանի և Չինաստանի հատուկ ներկայացուցիչները ժամանեցին Քաբուլ՝ քննարկելու հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, իր հերթին տալիբները կարևոր էին համարել այդ երկրների դերը խաղաղության կայացման համատեքստում։ 2021 թ․ հոկտեմբերի 6-ին տալիբները բանակցություններ էին վարել նաև Իրանի պատվիրակության հետ։ Բանակցությունների հիմնական նպատակը առևտրաշրջանառության վերականգնումն ու ծավալների մեծացումն էր, ինչպես նաև վառելիքի ներմուծումը դեպի Աֆղանստան։ Ստեղծված իրավիճակում Իրանի կողմից տնտեսական օգնությունը և առևտրային ճանապարհների վերաբացումը հնարավորություն էր տալիս վերակենդանացնել խորը տնտեսական ճգնաժամում հայտնված երկիրը։
Արևմուտքի հետ երկխոսության փորձերը
2021 թ․ հոկտեմբերի 5-ին Քաբուլում հանդիպեցին Մեծ Բրիտանիայի՝ Աֆղանստանի գծով ներկայացուցիչ Սայմոն Գաասին և Էմիր Խան Մութաքին։ Հանդիպման ժամանակ քննարկվել էին Աֆղանստանում կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը և երկու երկրների միջև դիվանագիտական կապերի վերահաստատման հարցը։ Նույն մթնոլորտում անցան Դոհայում Տալիբանի բանակցությունները Գերմանիայի, ԱՄՆ-ի և ԵՄ ներկայացուցիչների հետ։ Դրանցում շեշտը դրվում էր Տալիբանի կողմից ստանձնած պարտավորությունների իրականցման վրա, ինչպես նաև հատուկ նշվում էր, որ Աֆղանստանը չպետք է ապաստան դառնա «Ալ-Կաիդա» և «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպությունների համար։ Իր հերթին Տալիբանը հատարարեց, որ պատրաստ է հարաբերությունների վերականգմանը և կերաշխավորի դիվանագետների անվտանգությունը Աֆղանստան վերադառնալու դեպքում։
Աֆղաստանի նոր իշխանությունները երկրի ծանր իրավիճակի համար մեղադրում են արտաքին ուժերին՝ երկրի ներքին կյանքին միջամտելու և անկայուն իրավճակ ստեղծելու համար։ Նրանց պատկերացմամբ՝ Աֆղանստանի ժողովուրդը ստացել է հնարավորություն՝ կազմավորելու քաղաքական համակարգ, որը համապատասխանում է իր հասարակական և ազգային-կրոնական արժեքներին։
Սակայն հստակ է, որ Աֆղանստանի հարաբերությունները հարևան երկրների հետ կենսական նշանակություն ունեն տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ու միջազգային ճանաչում ստանալու համար։ Իշխանության սկզբնական շրջանից սկսած՝ տալիբական իշխանությունը քայլեր էր ձեռնարկում հարևան երկրների հետ հարաբերությունները կարգավորելու ուղությամբ՝ տալով նրանց սահմանային անվտանգության երաշխիքներ։ Արդյունքում վերականգնվեց Աֆղանստանի և Իրանի միջև առևտուրը, երկխոսություն մեկնարկեց Ուղբեկստանի, Թուրքմենստանի և Չինաստանի հետ։ Չինաստանն իր հերթին, հաշվի առնելով Աֆղանստանի տնտեսական ներուժը և բնական ռեսուրսների առկայությունը, խոստացավ տնտեսական աջակցություն տրամադրել Աֆղանստանին՝ ահաբեկչությանը չհովանավորելու պայմանով։
Պակիստանը, ինչպես նշել ենք, սատարում է աֆղանական նոր իշխանությանը: Նրա ազդեցությունը Տալիբանի վերնախավի շրջանում հսկայական է: Անգամ կան տեղեկություններ, որ Մասուդի դեմ պայքարում Պակիստանն Աֆղանստանին ռազամական օգնություն է ցուցաբերում։
Ճիշտ հակառակ մոտեցումն է ցուցաբերում Տաջիկստանը: Տալիբանյան իշխանության առաջին իսկ օրվանից Տաջիկստան աջակցություն է ցուցաբերել Մասուդին՝ Աֆղանստանում էթնիկ տաջիկների իրավունքների պաշտպանելու համար։ Տաջիկստանը հարևան միակ պետությունն է, որը հրաժարվում է Տալիբանի հետ որևէ երկխոսությունից։
Ռուսաստանը դեռ չի շտապում տալիբանյան իշխանության ճանաչման հարցում, սակայն տարբեր մակարդակով բանակցությունները և երկխոսությունը շարունակական բնույթ են կրում՝ հատկապես թմրանյութերի տարածման և ահաբեկչության կանխարգելման հարցում։
Արևմտյան երկրները, մասնավորապես ԱՄՆ-ը, Աֆղանստանում հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար կարևոր դերակատաներից է համարվում: Միջազգային մեկուսացվածությունն արտաքին աշխարհից անհնարին է դարձնում աֆղանական տնտեսության վերականգնումը: Սակայն ԱՄՆ-ը և դաշնակիցները պահանջներ ունեն, որոնց բավարարումից հետո միայն կվերականգնվի աջակցությունը: Մինչդեռ այդ պահանջների բավարարումը բախվում է Տալիբանի վարած ներքին քաղաքականության խնդիրներին։ Արևմուտքի համար անընդունելի է մարդու իրավունքների սահմանափակումը, կրոնական և էթնիկական խտրականությունները։ Իսկ Տալիբանի վարած ներքին քաղաքականությունը պարզապես սրում է արդեն գոյություն ունեցող հակասությունները։
Արևմուտք-Տալիբան երկխոսության համատեքստում Կատարն է ստանձնել Արևմուտքի ներկայացուցչի դերը, իսկ Պարսից Ծոցի մյուս պետությունները դեռ չեն շտապում Տալիբանի հետ հարաբերություններ հաստատել։ Չնայած տաբեր երկրների հետ երկխոսություների հաստատմանն՝ աշխարհը դեռ հետևում է Տալիբանի գործողություններին ու որդեգրած քաղաքականության հետագա ընթացքին: Առայժմ պարզ չէ, թե Տալիբանն Աֆղանստանը ինչ ճանապարհով կառաջնորդի, սակայն ակնհայտ է, որ շաժումը դասեր է քաղել առաջին իշխանության կորստից։
Արթուր Գրիգորյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանող
Հրապարակված հոդվածում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակի կարծիքը և կարող են չհամընկնել «Region Monitor»-ի խմբագրության տեսակետների հետ: