Ուկրաինական հակամարտության կողմերը ստիպված կլինեն մի քանի «տհաճ որոշումներ» ընդունել Ուկրաինայի տարածքային ամբողջականության հետ կապված։ Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է TRT World-ին տված հարցազրույցում:
«Իդեալական աշխարհում մենք, իհարկե, կցանկանայինք պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Բայց հիմա պատերազմ է ընթանում, և, ցավոք, այս պատերազմի ժամանակ մենք պետք է որոշակի ընտրություններ կատարենք, որոշ տհաճ որոշումներ կայացնենք:Հիմա կողմերը փորձում են այս ընտրությունն անել՝ ինչից կարող են հրաժարվել, ինչը կարող են պահել, ինչի մասին կարող են խոսել հետո։ Սրանք այն առաջնահերթություններից են, որոնց վրա նրանք շատ կենտրոնացած աշխատում են հենց հիմա։ Ամերիկացիները, եվրոպացիները, մենք, ռուսները, ուկրաինացիները՝ բոլորը հիմա նույն հարցն են տալիս մեր առաջնահերթությունների մասին այն իրավիճակում, երբ մեզ անհրաժեշտ է հրադադար»,-ասել է Ֆիդանը՝ պատասխանելով հարցին, որ ուկրաինական կարգավորման վերաբերյալ որոշ կողմերի ներկայիս առաջարկներ ենթադրում են տարածքների քննարկում։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ «հակամարտության երկու կողմերն էլ ունեն տարբեր նպատակներ և ցանկություններ», և հարցն այն է, թե «արդյո՞ք ԱՄՆ միջնորդությունը կբավարարի հանդիպում կազմակերպելու և ուղիղ բանակցային գործընթաց սկսելու համար»։ Ֆիդանը նաև հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է ակտիվ դեր խաղալ կարգավորման գործընթացում և Ռուսաստանի և Ուկրաինայի հետ երկխոսության մեջ։
«Եթե մենք չկարողանանք դադարեցնել պատերազմը, գոնե կարող ենք մեղմացնել դրա բացասական կողմերը: Մենք նայում ենք, թե ինչպես կարող ենք ավելի ակտիվ լինել հրադադարի շուրջ բանակցություններում: Մենք երկու կողմերին առաջարկում ենք բանակցությունների հարթակ: ԱՄՆ-ն, իմ տպավորությամբ, այժմ ծրագրի մշակման փուլում է: Ես հանդիպեցի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, երկար հանդիպումներ ունեցա իմ ուկրաինացի ընկերների հետ։ Ես տեսնում եմ, որ կողմերն այժմ ձևակերպում են իրենց ծրագրերը»,-ասել է Ֆիդանը։