Աշրավ Ղանիի կառավարության անկումից և Տալիբանի իշխանության վերադառնալուց հետո Աֆղանստանի տնտեսությունը փլուզվեց։ Տալիբների իշխանության գալն աղքատ, քաղաքացիական պատերազմից ավերված երկրում դադարեցրեց օտարերկրյա օգնությունը, որը նախկինում կազմում էր երկրի ՀՆԱ-ի 45%-ը (ըստ Աֆղանստանում ճգնաժամի պատճառների մասին Համաշխարհային բանկի զեկուցման): Սառեցվել են երկրի Կենտրոնական բանկի արտաքին ակտիվները՝ մոտ 9,2 մլրդ դոլարի չափով։ Հումանիտար իրավիճակը վատթարացել է. 20 միլիոն մարդ, կամ երկրի բնակչության կեսը, այժմ պարենային տեսանկյունից անապահով է։ Իշխանափոխությունից հետո տեղի ունեցավ մարդկային կապիտալի զգալի արտահոսք. տասնյակ հազարավոր բարձր որակավորում ունեցող աշխատողներ լքեցին երկիրը։
Բացի այդ, սահմանափակումներ են մտցվել մասնավոր և պետական հատվածներում կանանց աշխատանքի վրա։ Արդյունքում տնտեսության մեջ զբաղված կանանց թիվը կտրուկ նվազել է։ 1998-2019թթ. բոլոր աշխատողների հաշվարկում կանանց մասնաբաժինը 15%-ից աճել էր մինչև 22%։ Սակայն 2021թ. այս ցուցանիշը կրկին նվազել է՝ հասնելով 15%-ի։ Միաժամանակ, տալիբները խոստացել էին , որ կհարգեն կանանց իրավունքները և թույլ կտան աշխատել՝ գլխաշոր կրելու պայմանով։ Հաջորդ քայլը եղավ կանանց հարցերի նախարարության լուծարումը, հեռուստաալիքներին արգելվել է սերիալներ ցուցադրել դերասանուհիների մասնակցությամբ, իսկ լրագրողներին հրահանգվել է կադրում հայտնվել միայն գլխաշորով։
Այժմ աֆղան կանանց արգելվում է ճանապարհորդել ավելի քան 45 մղոն (72 կմ)՝ առանց տղամարդ ազգականի ուղեկցության: 2022 թ․ մարտին վեցամսյա ընդմիջումից հետո Աֆղանստանում բացվեցին միջնակարգ դպրոցներ, սակայն աղջիկների կրթությունն արգելվեց։ Ըստ ՄԱԿ-ի հաշվարկների սահմանափակումներից տուժել են 1,1 միլիոն աֆղան աշակերտուհիներ: 2022թ․ մայիսին տալիբների կառավարության ներքին գործերի նախարար Սիրաջուդդին Հաքքանին վստահեցրել էր, որ իշխանությունները մեխանիզմ են մշակում՝ աղջիկների կրթությունը հնարավոր դարձնելու համար։ «Ոչ ոք դեմ չէ կրթությանը, կանանց և աղջիկներին արդեն թույլատրվել է դպրոց հաճախել մինչև վեցերորդ դասարան։ Ինչ վերաբերում է բարձր տարիքային խմբին, մեխանիզմի վրա աշխատանքները շարունակվում են»,- ասել էր Սիրաջուդդին Հաքքանին CNN-ին տված հարցազրույցում։
Տնտեսական ճգնաժամի և անորոշության պայմաններում աշխատողներն ստիպված են եղել լքել իրենց աշխատանքը: Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) գնահատում է, որ 2021 թ. օգոստոսից մինչև 2022 թ. կրճատվել է ավելի քան կես միլիոն աշխատատեղ։ Կանանց աշխատանքի հասանելիության սահմանափակումը հանգեցրել է նրանց զբաղվածության մակարդակի 25% անկմանը և ՀՆԱ-ի կտրուկ նվազմանը մինչև 1 միլիարդ դոլար կամ Աֆղանստանի ՀՆԱ-ի 5%-ը: Կանանց պատկանող ձեռնարկություններն ամենաշատն են տուժել. կանանց պատկանող ձեռնարկությունների 42%-ը ժամանակավորապես փակվել է, տղամարդկանց պատկանող բիզնեսների 26%-ի համեմատ:
Ներկայիս տալիբները, համենայն դեպս Քաբուլի պաշտոնյաները, անկասկած, սկզբունքորեն տարբերվում են նրանցից, ովքեր կառավարում էին Աֆղանստանը 1990-ականների երկրորդ կեսին: Սակայն կանանց հարցը, ըստ ամենայնի, դրանից հետո չի շարժվել մեռյալ կետից։ Շատ հարցերում, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, տեսանելի առաջընթաց կա, սակայն նույնքան կոշտ է մնում շարժման բարձրագույն ղեկավարության դիրքորոշումը կանանց իրավունքների հարցում։ Ոչ մի հիմք չկա կարծելու, որ խնդիրը տնտեսական հիմք ունի, քանի որ այստեղ տալիբները հետաքրքրություն չեն ցուցաբերում արտաքին աշխարհից առաջարկություններ կամ նյութական օգնություն ընդունելու հարցում, ինչպես դա արվում է այլ ոլորտներում: Այսինքն՝ տալիբների հիմնավորումները, փաստարկները, ինչպես 90-ականներին, այնպես էլ այսօր՝ մինչ այժմ, վկայում են շարժման ղեկավարության՝ փոխզիջումների գնալու կամ կանանց հարցում փոփոխություններ կատարելու ոչ պատրաստակամ լինելու մասին։ Հնարավոր է շարժման ղեկավարությունը ցանկանում է ցուցադրել «ճիշտ իսլամի» կարգախոսի ներքո հասարակության կառավարման հատուկ նոր մոդել՝ արտասովոր մի բան, որը չկար նախկին իշխանությունների օրոք կամ այլ մահմեդական երկրներում։
Խնդիրը կայանում է նաև նրանում, որ շարժման ներկայացուցիչները, ըստ երևույթին, չունենալով իրենց շարքերում պրոֆեսիոնալ մասնագետներ, թերագնահատում են սեփական գործողություններից կրած կորուստները։ Տալիբանի քաղաքականությունը հատկապես խիստ քննադատության է ենթարկվում նախկին հանրապետական պաշտոնյաների և քաղաքական գործիչների կողմից, ովքեր այժմ գտնվում են Աֆղանստանից դուրս։ Մասնավորապես, նրանց թվում են մոջահեդների այն դաշտային հրամանատարները, ինչպես նաև նրանց ժառանգները, որոնց իշխանությունը 90-ականների սկզբին նույն քաղաքականությունն էր տանում կանանց հանդեպ։
Այս տեսակի արգելքների կիրառմամբ Աֆղանստանը կարող է զրկվել զգալի ֆինանսական միջոցներից։ Հասարակության մեջ կնոջ տեղի ու դերի սահմանափակման հարցում տալիբների գործողությունները ոչ միանշանակ են ընկալվում ոչ միայն արևմտյան հանրության ներկայացուցիչների, այլև ողջ իսլամական աշխարհի համար։ Բուն աֆղանների շրջանում բնակչության զգալի մասը նույնպես պատրաստ չէ ընդունել տալիբների իշխանությունների կողմից կանանց նկատմամբ սահմանված սահմանափակումները։ Այնուամենայնիվ, շարժման ղեկավարությանը չի հետաքրքրում ո՛չ սեփական ժողովրդի, ո՛չ միջազգային կազմակերպությունների կարծիքը, որոնց մարդասիրական և տնտեսական օգնությունից մեծապես կախված են ներկայիս Քաբուլի հետագա հաջողությունները, ոչ էլ այլ երկրների մուսուլման գիտնականների հայտարարությունները, քանի որ նրանք հասկանում են, որ արտաքին օգնությունը Աֆղանստանի ժողովրդին ամեն դեպքում կգա:
Արթուր Գրիգորյան
Հրապարակված հոդվածում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակի կարծիքը և կարող են չհամընկնել «Region Monitor»-ի խմբագրության տեսակետների հետ: