Այս պահին մենք 24/7 ռեժիմով «Կովերի պարտեզում» ենք և պահակություն ենք անում՝ պաշտպանելու հողատարածքը: Այս մասին Region Monitor-ի հետ զրույցում հայտարարել է իսրայելահայ ակտիվիստ Հակոբ Ճռնազյանը՝ հավելելով, որ հնարավոր է չեղարկել վիճահարույց պայմանագիրը:
Հարցազրույցը՝ ստորև.
–Ինչպես գիտենք, վերջին շրջանում «Կովերի պարտեզի» շուրջ իրավիճակը դարձյալ լարվել է: Համատեղ հայտարարություն են տարածել նաև Երուսաղեմի պատրիարքներն ու քրիստոնեական եկեղեցիների առաջնորդները՝ ահազանգելով, որ հայկական ներկայությունը Սուրբ երկրում լրջորեն վտանգված է: Մի փոքր կմանրամասնե՞ք` այս պահին ի՞նչ իրավիճակ է «Կովերի պարտեզում»:
– Այս պահին մենք 24/7 ռեժիմով «Կովերի պարտեզում» ենք և պահակություն ենք անում՝ պաշտպանելու հողատարածքը: Վերջին շաբաթների ընթացքում հարձակումներ են տեղի ունեցել համայնքի և պատրիարքարանի դեմ՝ ձեռք բերելու այս հողատարածքը: Ուստի մենք որոշել ենք մնալ այստեղ և պաշտպանել այն: Պատրիարքների հայտարարությունն առ այն, որ հայկական և քրիստոնեական ներկայությունը վտանգված է, այո՛, ճշմարիտ է, որովհետև «Կովերի պարտեզի» հողատարածքի կորուստը մեծ ազդեցություն կարող է ունենալ համայն քրիստոնեության և հայության վրա: Այս հողատարածքն է կապում քրիստոնեական և հայկական թաղամասը և պահում տարածքային ամբողջականությունը:
–Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է վերջնականապես չեղարկել երկարաժամկետ վարձակալության այս գործարքը՝ մասնավորապես հաշվի առնելով տարածված այն տեսակետը, որ Իսրայելը այսպիսով ցանկանում է ընդլայնել Երուսաղեմ քաղաքի հրեական հատվածի տարածքը:
-Իմ կարծիքով այո՛, անշուշտ կարող ենք չեղարկել պայմանագիրը: Նախ մենք՝ համայնքը և պատրիարքությունը միասնական ենք գործում և անհրաժեշտ է, որ միասնական գործենք և կարողանանք մեծ հաջողությունների հասնել, որոնցից է պայմանագիրը չեղարկելը: Մեծ և բավական աշխատանք տանելու դեպքում կարող ենք հաղթահարել ամեն ուժ: Եթե մենք միասնական ենք, հավատում ենք մեր պայքարին, հավատում ենք, որ այն արդար է, կարող ենք հաղթահարել այս իրավիճակը և չեղարկել պայմանագիրը:
–Արդյո՞ք իրավիճակի ելքի վրա ազդում է նաև Գազայի հատվածում ընթացող պատերազմը:
– Ընկերությունն, այո՛, օգտագործում է Գազայի պատերազմը: Նրանք կարծում են, որ եթե կարողանան հարձակումներ գործել մեր երիտասարդների, համայնքի, պատրիարքության վրա, աշխարհը կամ միջազգային և տեղական մեդիան չպետք է հետևի իրադարձություններին: Բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը և բավականին լուրջ ճնշում գործադրվեց վերջին շաբաթների ընթացքում: Մենք կարողացանք հաղթահարել մեր դեմ իրականացված հարձակումները: Այդ ընկերությունը փորձում էր օգտագործել իրավիճակը ընդդեմ մեզ: Բայց ընդհակառակը տեղի ունեցավ. իրենց քայլերը իրենց իսկ դեմ գործեցին:
-Ի՞նչպես կարող է Հայաստանը կամ աշխարհասփյուռ հայությունն աջակցել այս պայքարում:
-Մենք կընդունենք և մեծ սիրով ողջունում ենք բոլորի՝ Հայաստանի Հանրապետության, հայության և այլ անձանց աջակցությունն ու օգնությունը մեր այս արդար պայքարում: Հայաստանը կարող է ուղիղ կապի մեջ մտնել հայկական պատրարքության և համայնքի հետ՝ հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է, քանի որ թե՛ համայնքը, թե՛ պատրարքությունը տարբեր կերպ կարող են այն տեսնել: Կարևոր է երկու կողմին էլ լսել:
Ինչ վերաբերում է աշխարհասփյուռ հայությանը, ապա այն կարող է այն երկրների կառավարություններին, որտեղ բնակվում է ներկայացնել այս խնդիրը՝ ցույց տալով, թե ինչ վտանգ է այն հանդիսանում Երուսաղեմի հայկական թաղամասի համար և նրա անորոշ ապագան: Բացի այս՝ աշխարհասփյուռ հայությունը կարող է այս արդար պայքարում աջակցել մեզ թե՛ բարոյապես, թե՛ նյութապես: Մենք արդեն զգում ենք այդ աջակցությունը,
Երկրորդ՝ շարունակել աջակցությունը թե՛ բարոյական, թե՛ նյութական մեր արդար պայքարին, բայց ակնկալում ենք ավելին: