Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երդման արարողությունից հետո ունեցած ելույթին։ 

Ստորև ներկայացնում ենք Միության հայտարարությունը.

«Բռնատիրության վերարտադրությունը, իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ, Ադրբեջանում այլևս իրողություն է։ Իլհամ Ալիևի հռչակած նոր դարաշրջանը ոչ այլ ինչ է, քան հռչակված ժողովրդավարության չհայտարարված ուզուրպացիա։ Իր պաշտոնավարման երրորդ տասնամյակով Իլհամ Ալիևը հեռակա մրցակցության մեջ է մտնում անցյալում ապրած Արևելքի բռնապետների հետ՝ ազգայնականության աստառով փաթեթավորելով սեփական վարչակարգի միահեծանության ձգտումները։ 

Ադրբեջանի նախագահի՝ երդմնակալությանը հաջորդած ելույթը պարզ վկայությունն է այն բանի, որ Ադրբեջանում ծայրահեղ ռասիզմն ու ազգայնականությունը հասել են իրենց կարելիության գագաթնակետին։ Որպես քաղաքական գործիչ՝ Իլհամ Ալիևն իրեն թույլ է տալիս հայ ազգի ներկայացուցիչներին անվանել «սատանաներ», «թշնամիներ», այն ազգին, որին բոլորովին վերջերս, սովամահության եզրին հասցնելով, խաղաղ ինտեգրացիայի խոստումներ էր տալիս։ 

Ադրբեջանի նախագահը, խոսելով Ստեփանակերտում իր անօրինական ընտրության մասին, ասում է, թե այդ շենքում են ծրագրվել ադրբեջանցիների նկատմամբ «արյունալի հանցագործությունները», սակայն նա, կարծես, թե մոռանում է հիշատակել, թե որ շենքերում են ծրագրվել Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերը, որ շենքերում են նախապատրաստվել պատմական Գարդմանի և Նախիջևանի հայաթափման վայրագ գործողությունները, և վերջապես մի՞թե իր երդմնակալության վայրը չէ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման գաղափարների որջը։ 

Ադրբեջանի նախագահը կրկին ի ցույց դրեց պատմության թերիմացությունը կամ խիստ ընտրանքային մեկնաբանումը։ Փանահ խանը, որին աղբյուրները իրավացիորեն որպես «չարչի» են հիշատակում, հաստատվել է Լեռնային Ղարաբաղում շնորհիվ հայ մելիքների անթույլատրելի հակասությունների, և սկսել տեղի հայ բնակչության նկատմամբ բռնությունների ու տեղահանությունների պրակտիկան։ 

Ադրբեջանական վարչակարգը մշտապես քննադատում է Հայաստանին իր ռազմական կարողությունների բարելավմանն ուղղված քայլերի համար՝ դրանք համարելով խոչընդոտ խաղաղության ճանապարհին, սակայն Ադրբեջանի նախագահը բացեիբաց հայտարարում է, որ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում իրենց զինված ուժերի հետագա զարգացման համար, ձեռք է բերվում անհրաժեշտ սպառազինություն, տեխնիկա, ստեղծվում են նոր զինված կազմավորումներ։ Ըստ նրա՝ հատուկ նշանակության ջոկատների թիվը մի քանի անգամ ավելացել է, նորաստեղծ զինված հրամանատարական ստորաբաժանումներում զինծառայողների թիվը հազարներով է չափվում, և այդ գործընթացը շարունակվում է։ Հետևապես՝ ինչ է այս հայտարարությունը, եթե ոչ ռազմականացման և ծավալապաշտական նկրտումների պարզ խոստովանություն։ Խնդրահարույց է նաև այն, թե «Մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել» ասելով ինչ է պատկերացնում Իլհամ Ալիևը․ Ադրբեջանի ո՞ր գործողությունները, նման ռազմականացման պայմաններում, ոչ ոք չի կարող կանգնեցնել, եթե Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ Եթե իրապես Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան, ապա ինչպես բացատրել Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան 2021 թ․ մայիսից ի վեր։ 

Ալիևյան վարչակարգը «զգուշացնում է» շանտաժի լեզվով չխոսել՝ շանտաժ համարելով Հայաստանի և միջազգային հանրության կոչերը՝ վերադառնալու բանակցային գործընթացին, մինչդեռ հենց Ադրբեջանն է տարատեսակ քաղաքական-տնտեսական լծակներով տորպեդահարում բանակցային գործընթացը՝ անթույլատրելիորեն միջամտելով Հայաստանի ներքին գործերին, չիրականացնելով պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի ավելի քան կես միլիոն հայրենազրկված հայերի և Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության անօտարելի իրավունքների անհապաղ վերականգնման հանձնառությունը։ 

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանում պետականորեն հնչող ռասիզմն ու էքստրեմիստական հայատյացությունը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը քննել ադրբեջանական ծավալապաշտական հռետորաբանությունը և համարժեք արձագանք տալ այն վտանգներին, որոնք բխում են այդ հռետորաբանությունից»։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here