Իրանական ISNA պետական լրատվական գործակալությունը հարցազրույց է անցկացրել Ադրբեջանի իսլամական դիմադրության շարժման (Hüseyniyyun, գործում է Իրանում) հիմնադիրներից Թոհիդ Իբրահիմիի հետ:
Ադրբեջանցի ընդդիմադիրը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն միլիոնավոր դոլարներ է ծախսել Իրանում վերջին անկարգությունների հրահրման համար:
Նրա խոսքով՝ Ադրբեջանում թաքֆիրիական և վահաբիական հոսանքները «պետական ահաբեկչություն» են ձևավորել, իսկ դրանց տարածումը խրախուսվում է:
«Անգամ շիա հոգևորականները կրոնական արարողություններ անցկացնելու ազատություն չունեն, բայց վահաբիները լիովին ազատ են, և դեռևս ԽՍՀՄ տարիներից այս գործընթացը եղել է: Հայր Ալիևը ՌԴ-ից 20 հազար վահաբի է տեղափոխել Ադրբեջան: Նպատակներից մեկն, ի վնաս շիաների, մազհաբների հարաբերակցությունը փոխելն է»,- ասել է Իբրահիմին:
Իբրահիմին ավելացրել է, որ Ադրբեջանի իսլամական դիմադրության շարժման (Hüseyniyyun) անդամները իրենց պատասխանատու են համարում Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանության համար: Ընդդիմադիրը նշել է, որ Ադրբեջանի դիմադրության շարժմանը պետք է համակողմանի աջակցություն ցուցաբերել:
Մատնանշելով Ադրբեջանում տարվող հակաշիայական քաղաքականությունը՝ Իբրահիմին ընդգծել է, որ լավագույն դեպքում Ադրբեջանում 5 տոկոսն է աջակցում Իրանի Իսլամական հանրապետությանը: