Օրերս Regionmonitor.com կայքը հրեա ծայրահեղականների կողմից իսրայելահայերին թիրախավորելու, հայկական համայնքի խնդիրների և այլ հարցերի շուրջ զրուցել էր իսրայելահայ ակտիվիստ, Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի անդամ, «Union of the Armenian Communities in Israel» բարեգործական կազմակերպության հիմնադիր-տնօրեն Քրիստինե Մովսեսյանի հետ։
Հարցազրույցում Մովսեսյանը, չափազանց կարևոր արձանագրումներին և շեշտադրումներին զուգահեռ, նաև նշել էր, որ՝ «Իսրայելի հյուսիսում գտնվող Հայֆա քաղաքում, որտեղ զգալի թվով հայեր են բնակվում, պետք է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցվի»։
Վերոնշյալ տեղեկատվության տարածումից հետո Իսրայելում Թուրքիայի դեսպանը Հայֆայի քաղաքապետին ուղղված նամակում, հղում կատարելով հարցազրույցին, դիմել է նրան՝ միջամտելու իսրայելահայերի նախաձեռնության չեղարկման հարցում՝ որպես հիմնավորում նշելով, որ դրա իրականացումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել նաև Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման գործընթացում։