Էներգետիկայի և էներգետիկ ռեսուրսների ոլորտում հորդանանա-իսրայելական համագործակցության հիմքերը դրվել են 1994թ. Վադի Արաբայի խաղաղության պայմանագրով: Համաձայն պայմանագրի 19-րդ հոդվածի՝ Հորդանանն ու Իսրայելը պայմանավորվում էին զարգացնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում՝ հատկապես կարևորելով արևային էներգիայի բնագավառը: Երկու երկրները նաև համաձայնվում էին միացնել իրենց էլեկտրաէներգիայի ցանցերը Աքաբա – Վադի Արաբա հատվածում՝ դրանով հիմք ստեղծելով առավել խորը երկկողմ և տարածաշրջանային համագործակցության համար:
Հորդանանի և Իսրայելի միջև էներգետիկ ոլորտում համագործակցությունը գործնական փուլ է թևակոխում 21-րդ դարում: Այն զուգահեռվում է Աբդալլահ Երկրորդի նախաձեռնած տնտեսական բարեփոխումների հետ, որոնց մեջ կենտրոնական դեր էր հատկացվում երկրի էներգետիկ անվտանգության բարելավմանը:
Հորդանանի բնակչության արագ աճին զուգահեռ՝ աճում է նաև էլեկտրական էներգիայի պահանջարկը՝ տարեկան միջինը 5%-ով: Մասնավորապես, Հորդանանում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը 2015 թ. կազմել է 19900 գիգավատտ/ժամ: Արդեն 2023 թ. այն կազմում է 33360 գիգավատտ/ժամ: Էլետրական էներգիայի պահանջարկի կտրուկ աճը ստիպում է հորդանանցիներին քայլեր ձեռնարկել երկրում վերականգնվող (արևային և հողմային) էլեկտրաէներգիայի արտադրությունը խթանելու, ինչպես նաև գոյություն ունեցող ջերմային էլեկտրաէներգիայի արտադրության աղբյուրները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ:
Հարկ է նշել, որ Հորդանանը, չունենալով հարուստ ածխաջրածնային ռեսուրսներ, ներկրում է էլեկտրաէներգիայի արտադրության և կենցաղային ու արտադրական կարիքների համար անհրաժեշտ բնական գազի ու նավթի մեծ մասը: Այս առումով Հորդանանի համար կարևոր նշանակություն ունի հատկապես Եգիպտոսը, որից Հորդանանը ներկրում է իր բնական գազի ավելի քան 97%-ը: 2011 թ. «արաբական գարնան» բռնկումից և Եգիպտոսում քաղաքական անկայության աճից հետո եգիպտա-հորդանանյան գազատարը մի քանի անգամ ենթարկվել է հարձակումների, ինչն առաջացրել է գազամատակարարման խափանումներ և հանգեցրել Հորդանանում գազի գնի ավելացմանը: Հետագա խնդիրներից խուսափելու նպատակով Հորդնանաի կառավարությունն սկսում է աշխատել բնական գազի այլընտրաքանյին աղբյուրներ գտնելու ուղղությամբ:
Հորդանանի և Իսրայելի միջև բնական գազի ներկրման ոլորտում համագործակցության մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2014 թ.: Ըստ հրապարակումների՝ Հորդանանի ազգային էլեկտրական ընկերությունը նախնական համաձայնության էր եկել Իսրայելում Միջերկրական ծովի հատակից գազ արդյունահանող ընկերության հետ՝ Հորդանան գազ ներկրելու նպատակով: Բուն համաձայնագիրն ստորագրվեց 2016 թ., որից հետո միայն հանրությունն իմացավ գործարքի մանրամասները: Իսրայելական բնական գազը արդյունահանվելու էր Հայֆա քաղաքի մերձակայքում՝ Միջերկրական ծովի հատակին գտնվող Լեվիաթան գազային դաշտից: Այն հայտնաբերվել էր դեռևս 2010 թ., սակայն արդունահանումը դեռ չէր սկսվել տեխնիկական բարդությունների և անհրաժեշտ ներդրումների բացակայության պատճառով: Գազային դաշտը շահագործող ընկերությունը փնտրում էր հուսալի գնորդ արդյունահանված գազի համար, որը պետք է նաև նախնական ներդրում ունենար համապատասխան ենթակառուցվածքների կառուցման մեջ:
Կնքված գազային համաձայնագրով նախատեսվում էր Իսրայելից Հորդանան ներկրել օրական ավելի քան 27 միլիոն խորանարդ մետր բնական գազ 15 տարվա ընթացքում: Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 15 միլիարդ ԱՄՆ դոլար: Այս գումարից 8.4 միլիարդ ԱՄՆ դոլարը բաժին է հասնելու Իսրայելի կառավարությանը՝ հարկերի, տուրքերի և ռոյալթիների տեսքով: Մոտ 1.7 միլիարդ ԱՄՆ դոլարն օգտագործվելու է որպես ներդրում գազային դաշտի փորման և գազի արդյունահանման համար: Մնացած 4.9 միլիարդ ԱՄՆ դոլարը բաժին էր հասնելու Լևիաթան գազային դաշտի սեփականատեր հանդիսացող մասնավոր ընկերություններին՝ ամերիկյան Noble Energy-ին (հանդիսանում գազային դաշտի 39.66%-ի սեփականատերը), և իսրայելական Delek Drilling (22.67%), Avner Oil Exploration (22.67%) և Ratio Oil Exploration (15%) ընկերություններին:
Այս գործարքին զուգահեռ հորդանանյան երկու կազմակերպություն՝ Arab Potash և Jordan Bromine ընկերությունները նույնպես առանձին համաձայնագիր կնքեցին վերոհիշյալ իսրայելական ընկերությունների հետ, որով պետք է տարեկան ավելի քան 500 միլիոն ԱՄՆ դոլարի բնական գազ ձեռք բերեին իսրայելական Թամար գազային դաշտից: Այս համաձայնագրի իրագործումն սկսվեց արդեն 2017 թ.:
Իսրայելի հետ գազային գործարքը բուռն արձագանքի արժանացավ հորդանանյան հասարակության կողմից: Դրա մասին խոսակցություններն սկսեցին տարածվել այն նույն ժամանակաշրջանում, երբ դեռ նոր էր ավարտվել իսրայելական բանակի հերթական ռազմական գործողությունը Գազայի հատվածում: Բացի դրանից՝ հորդանանյան հասարակությունում դեռ մեծ դեր ուներ անվստահությունն Իսրայելի և իսրայելական ներդրումների հանդեպ: Գազային գործարքի ընդդիմախոսները նշում էին, որ այն Հորդանանը կգցի Իսրայելից մեծ էներգետիկ կախվածության մեջ, ինչը քաղաքական առումով անընդունելի էր: Նշվում էր նաև, որ Հորդանանը կարիք չունի Իսրայելից գազ գնելու, քանի որ, առաջին հերթին, ունի որոշակի ածխաջրածնային ռեսուրսներ, որոնք, սակայն, տեխնիկապես դժվար է արդյունահանել, ինչպես նաև կարող է իր էներգետիկ կարիքներն ապահովել վերականգնվող էներգիայի աղբյուրների միջոցով:
Չնայած հասարակության շրջանում բացասական արձագանքներին, Հորդանանի կառավարությունը հետ չկանգնեց իր պլաններից, և 2018 թ.-ից գործում է իսրայելա-հորդանանյան գազատարը, որով բնական գազ է ներկրվում Հորդանան: Բացի դրանից՝ քննարկման փուլում է նաև Հորդանանի տարածքում գոյություն ունեցող գազատարերով իսրայելական գազը Եգիպտոս ներկրելու ծրագրերը, որոնք դեռևս հեռու են իրագործումից:
Հորդանանի և Իսրայելի միջև էներգետիկ համագործակցությունը նոր փուլ թևակոխեց 2020-2021 թթ., երբ տարածաշրջանի մի շարք արաբական երկրներ՝ Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը, հետագայում նաև՝ Օմանը, Մարոկկոն և Սուդանը, սկսեցին Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց, որը հայտնի է «Աբրահամյան համաձայնագրեր» անվանմամբ: ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփի կողմից նախաձեռնված այս գործընթացում մեծ տեղ էր հատկացվում նաև Հորդանանին։ Կարևորվում էր Հորդանանի և Իսրայելի միջև, հատկապես, տնտեսական և էներգետիկ համագործակցության խորացումը՝ տարածաշրջանային խաղաղությունն ամրապնդելու նպատակով:
Այս համատեքստում 2021թ. նոյեմբերին Հորդանանը, Իսրայելը և ԱՄԷ-ն ստորագրեցին եռակողմ հուշագիր: Հուշագիրը սահմանում էր երեք երկրների կողմից համատեղ անցկացվող երկու ծրագիր՝ «Կանաչ բարեկեցություն» և «Կապույտ բարեկեցություն» անվանումներով: «Կանաչ բարեկեցություն» ծրագիրն ուղղված էր վերականգնվող՝ կանաչ էներգիետիկայի ոլորտի զարգացմանը և նախատեսում էր Հորդանանի տարածքում տարեկան 600 մեգավատտ արտադրողականությամբ արևային էլեկտրակայանի կառուցում, ինչպես նաև՝ 2.4-ից 3 գիգավատտ/ժամ տարողունակությամբ էլեկտրականության պահեստարանի ստեղծում: Արևակայանի կողմից գեներացված ամբողջ էլեկտրականությունն արտահանվելու էր Իսրայել, իսկ էլեկտրակայանի կառուցումը պատվիրակվելու էր ԱՄԷ պետական Մասդար ընկերությանը:
«Կապույտ բարեկեցություն» ծրագիրն Իսրայելում ստեղծելու էր տարեկան 200 միլիոն խմ արտադրողականությամբ ջրի աղազերծման կայան: Կայանի արտադրած ողջ ջուրը արտահանվելու էր Հորդանան: Բացի դրանից՝ Իսրայելն էլեկտրականության դիմաց վճարելու էր հավելյալ 180 միլիոն ԱՄՆ դոլար, որը հավասարապես բաժանվելու էր Հորդանանի և Մասդար ընկերության միջև:
2022 թ. նոյեմբերին Շարմ էլ-Շեյխում կայացած COP27 կլիմայի համաժողովի շրջանակներում կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ իրագործելու նախանշված ծրագիրը և ներկայացրին ծրագրի իրականացման նախագծերը: Այս համաձայնագիրը, ինչպես և հորդանանա-իսրայելական գազային գործարքը, արժանացավ հորդանանյան և պաղեստինյան հասարակությունների բացասական արձագանքին: Ընդդիմախոսների հիմնական փաստարկներն այն են, որ ծրագրի իրագործման պարագայում Հորդանանը, թեև կկարողանա մեծապես լուծել իր օրհասական ջրային խնդիրները, սակայն կընկնի էլ ավելի մեծ կախվածության մեջ Իսրայելից եկող ջրային ռեսուրսներից: Մյուս կողմից, Իսրայելի կախվածությունը Հորդանանից ներկրվող էլեկտրական էներգիայից կլինի նվազագույն, քանի որ այս ծավալի էլեկտրականությունը կկազմի Իսրայելի ընդհանուր էլեկտրականության պահանջարկի միայն 3%-ը:
Ծրագրի ընդդիմախոսները, որպես այլընտրանք, առաջարկում են գործարկել դեռևս 2000-ական թթ.-ից քննարկվող Աքաբա-Ամման ազգային ջրատարի նախագիծը, որը թույլ կտա լուծել երկրի ջրի հիմնախնդիրն առանց որևէ երկրից կախվածության մեջ ընկնելու: Սակայն, այս նախագիծն, ըստ հորդանանյան կառավարության տվյալների, ունի մի շարք թերություններ Իսրայելից կառուցվելիք ջրատարի նկատմամբ: Դրանցից են ազգային ջրատարի երկարությունը (460 կմ), Աքաբայից դեպի Ամման համապատասխան ենթակառուցվածքների բացակայությունը, ինչպես նաև՝ Կարմիր ծովի ջրի աղազերծման առավել բարձր արժեքը՝ համեմատած Միջերկրական ծովի ջրի հետ` հաշվի առնելով Կարմիր ծովում աղի պարունակության ավելի բարձր մակարդակը:
Անկախ ամեն ինչից, ներկա պահին Հորդանանի, Իսրայելի և ԱՄԷ-ի միջև եռակողմ համագործակցությունը շարունակվում է: Որպես ծրագրի ավարտ է նախանշված 2026 թ.: Հարկ է նշել, որ թե՛ 2021, և թե՛ 2022 թ. կնքված հուշագրերը իրավաբանորեն չեն համարվում պայմանագրեր և իրավական պարտավորություններ չեն դնում կողմերի վրա: Ակնկալվում է, որ իրավաբանական ուժ ունեցող համաձայնագիր երեք կողմերի միջև կստորագրվի 2023 թ. նոյեմբերին ԱՄԷ-ում կայանալիք COP28 կլիմայի համաժողովի շրջանակներում:
Այսպիսով թե՛ Հորդանանի, և թե՛ Իսրայելի համար առանձնակի կարևորություն է ներկայացնում, մեկը մյուսի տարածքն օգտագործելով, երրորդ երկրների հետ տրանսպորտային և տնտեսական կապերի ապահովումը: Ինչ վերաբերվում է ջրային ոլորտում համագործակցությանն՝ այն հանդիսանում է Հորդանանի և Իսրայելի միջև տնտեսական հարաբերությունների կարևորագույն ուղղություններից մեկը, քանի որ երկու երկրներն էլ ունեն սուր սակավաջրության խնդիր: Երկու երկների միջև համագործակցությունն ավելի խորացավ Աբրահամյան համաձայնագրերի կնքումից հետո երկու կողմերի համար էլ տնտեսական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարներ ի հայտ եկան, որոնցից անմասն չեն մնում նաև տարածաշրջանային այլ ուժեր, մասնավորապես, ԱՄԷ-ը: Այս երեք երկրների միջև նախատեսված համագործակցության ծրագիրը կարող է դրական ազդեցություն ունենալ Հորդանանում սակավաջրության խնդրի, մաքուր էներգետիկայի զարգացման, ինչպես նաև՝ տարածաշրջանում տնտեսական կապերի և խաղաղության ամրապնդման համար:
Ալեքսանյան Գոռ
Հրապարակված հոդվածում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակի կարծիքը և կարող են չհամընկնել «Region Monitor»-ի խմբագրության տեսակետների հետ: