Մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագիրը, ըստ որի՝ չեղարկվում է Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականին սահմանված վիզային ռեժիմը և 4 տարվա դադարից հետո վերականգնվում է Վրաստանից դեպի Ռուսաստան ուղիղ չվերթների արգելքը, որն ընդհատվել էր 2019 թվականին հենց Պուտինի հրամանագրով, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հայտնի սկանդալից հետո, հակասական արձագանք է առաջացրել վրացական քաղաքական վերնախավի, ինչպես նաև շարքային քաղաքացիների շրջանում։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի իշխանությունների որոշումը որակեց որպես սադրանք՝ ի պատասխան իշխանություններին կոչ անելով Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանել, սակայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, ընդհակառակը, ողջունեց ռուսական կողմի քայլը։ Այսպիսով՝ իշխող կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ողջունեցին Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի և երկու երկրների միջև ավիահաղորդակցության արգելքի չեղարկման մասին Ռուսաստանի նախագահի որոշումը։
Հատկանշական է, որ Թբիլիսին դեռևս 2012թ․ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության օրոք էր միակողմանիորեն չեղյալ հայտարարել վիզային ռեժիմը ռուսների համար, իսկ որոշումը կայացրել էր հենց Սաակաշվիլին, ում Մոսկվան համարում էր իր ոխերիմ թշնամին։ Ինչքան էլ անտրամաբանական թվա Սաակաշվիլիի այս անսպասելի քայլը, այնուամենայնիվ, սա պայմանավորված էր այն հանգամանքի հետ, որ Վրաստանն իր տնտեսության զարգացման համար մեծ կարևորություն էր սկսել տալ զբոսաշրջության ոլորտին։ Ուստի Սաակաշվիլիի կառավարությունը գնաց այս քայլին՝ գիտակցելով, որ առանց մոտ 150 միլիոն բնակչություն ունեցող հյուսիսային հարևանի հետ վիզային ռեժիմի վերացման, դժվար կլիներ զարգացնել զբոսաշրջության ոլորտը։ Եվ սա այն դեպքում, երբ Ռուսաստանի քաղաքացիների համար մշտապես գայթակղիչ է եղել դեպի Վրաստան ճանապարհորդությունը։
Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ճեղքերը ձգվում են դեռևս մինչև 1990-ականների վերջը, երբ Չեչնիայի տարածքում գործող զինյալ ապստամբները ռուս-վրացական սահմանով ձեռք էին բերել նահանջի ավանդական ուղի՝ Պանկիսի կիրճը։ Այնպես է ստացվել, որ Վրաստանը Ռուսաստանի համար դարձել է տարբեր, հաճախ ցավոտ փորձերի հարթակ։ Վրաստանը ԱՊՀ-ում առաջին և միակ երկիրն էր, որի դեմ Մոսկվան վիզային ռեժիմ մտցրեց, այնուհետև առաջինը, որի հետ մտավ ուղիղ ռազմական հակամարտության մեջ, ինչի հետևանքով երկրից պոկվեցին Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանները։ Այժմ, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմի ֆոնին, որը, անշուշտ, էլ ավելի է սրել վրաց հասարակության վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, հանկարծ Մոսկվան վերսկսում է թռիչքները և չեղարկում վիզային ռեժիմը։ Այստեղ մեծ ուշադրության է արժանի այն փաստը, որ Մոսկվան նոր մոտեցում է որդեգրել՝ միակողմանի զիջումների գնալ մի պետության, որի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի։ Մյուս կողմից, այս զարգացումները անսպասելի չէին՝ հաշվի առնելով վրացական իշխող ուժի որդեգրած քաղաքական գիծը և պարբերաբար հնչող իշխող վերնախավի դրական ուղերձները Ռուսաստանի հետ փոխգործակցության վերաբերյալ։
Ըստ ամենայնի, Ռուսաստանի ցանկացած հաշտարար ժեստ Ուկրաինայի պատերազմի ֆոնին կարծես սադրիչ քայլ լինի, որը կարող է փչացնել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի առանց այն էլ ներկայիս ոչ բարվոք հարաբերությունները: Ընդհանուր առմամբ, այդպիսի հետևանք եղավ։ Վիզաների չեղարկման և թռիչքները վերսկսելու որոշումը բուռն արձագանք է առաջացրել ոչ միայն վրացական ընդդիմության և նախագահ Զուրաբիշվիլիի, այլև ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից։ Բրյուսելը Վրաստանի իշխանություններին հիշեցրեց Եվրամիությանն անդամակցելու իրենց կուրսը` մանրամասնելով, որ եթե Վրաստանը հավակնում է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակին, ապա պետք է միանա հակառուսական պատժամիջոցներին: Սակայն Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կոշտ հայտարարություններով են հանդես գալիս, նշելով, որ դեմ են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն։
Մոսկվայի համար կարևոր է աշխարհաքաղաքական առավելություններ ստանալ Արևմուտքի նկատմամբ, ուստի Թբիլիսիի տարաձայնությունները Բրյուսելի և Վաշինգտոնի հետ առնվազն հաճելի են Մոսկվային։ Ռուսաստանի համար մեկ այլ հաջողություն կարող է լինել Ուկրաինայի հետ Վրաստանի հարաբերությունների հետագա վատթարացումը: Ուկրաինայի իշխանությունները բազմիցս քննադատել են Վրաստանին այն բանի համար, որ, փաստորեն, Ուկրաինայի բարեկամ երկիրը չի միացել հակառուսական պատժամիջոցներին։
Որպես կանոն, վրացական ընդդիմությունը իշխանության քայլերը ներկայացնում է հակապետական, և շեշտում, որ իշխանությունը ենթարկվում է ռուսական ազդեցությանը և վնասում պետության արևմտյան կողմնորոշմանը։ Վրացական ընդդիմադիր ուժերը, իհարկե, կարող են ոչ մեծ դժվարությամբ փորձել մարդկանց փողոց դուրս բերել՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վրացի երիտասարդության մի զգալի մասը Ռուսաստանին համարում է իր թիվ մեկ թշնամին։ Սակայն վրաց հասարակական տրամադրությունները ցույց են տալիս, որ լայն հասարակությունը մեծ վստահություն չի տածում ընդդիմադիր ոչ մի ուժի նկատմամբ։
Պատմական փորձը ցույց է տալիս, որ շարքային քաղաքացիները առաջին հերթին մտահոգված են սոցիալ-տնտեսական խնդիրներով, վրաց հասարակությունն այս առումով բացառություն չէ։ Այս օրինաչափությունից ելնելով պարզ է դառնում, որ շարքային վրացիներին ավելի շատ հետաքրքրում է, թե որտեղ են վաճառվելու իրենց ապրանքներն ու գյուղմթերքը։ Ուստի, այս առումով ռուսական շուկան շատ գրավիչ է՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ի տարբերություն ԵՄ-ի, ռուսական շուկան բարձր չափանիշներ չի սահմանում ապրանքների որակի համար։ Տրամաբանությունը հուշում է, որ Ռուսաստանի հետ անմիջական կապի պահպանումը ձեռնտու է վրաց հասարակության առնվազն մի մասի համար։
Թե ինչի կարող են հանգեցնել վրացական ներքաղաքական տարաձայնությունները Ռուսաստանի հետ փոխգործակցության հարցում և ինչ սպասել երկկողմ հարաբերություններից ապագայում, դժվար է կանխատեսել, քանի որ այստեղ, Ռուսաստանի հետ ուղիղ հարաբերություններից բացի, Վրաստանի համար առաջնահերթ է պահպանել իր եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հեռանկարը: Վրաստանը դեռևս ձգտում է դեպի ԵՄ և ՆԱՏՕ՝ պնդելով, որ Ռուսաստանը օկուպացրել է իր տարածքը։ Բայց սա չի խանգարում Ռուսաստանին լինել Վրաստանի խոշորագույն արտաքին առևտրային գործընկերներից մեկը։ Շատ կարևոր է նաև հասկանալ, որ Ռուսաստանը պատրաստ է դրական վերաբերմունք ունենալ Վրաստանի ներկայիս ղեկավարության նկատմամբ՝ գիտակցելով, որ Վրաստանի հետ գոնե որոշակի մերձեցում հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկրում իշխանությունը մնա «Վրացական երազանքի» ձեռքում, քանի որ ներկայիս կառավարությունը վարում է պրագմատիկ քաղաքականություն, ինչը թույլ է տալիս գոնե տնտեսական հարաբերություններ պահպանել իրենից մի քանի տասնյակ անգամ մեծ հարևանի հետ։
Էդվարդ Բերուջանյան