13 տարի մերձավորարևելյան քաղաքական օրակարգի գլխավոր հարցերի շարքում իր տեղը չզիջող Թուրքիա-Սիրիա հարաբերություններում նոր զարգացումներ են գրանցվում։ Հուլիսի սկզբից Անկարայում նոր թափ է հաղորդվել Դամասկոսի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված խոսույթին և ջանքերին, որի համար հիմքեր էին դրվել 2023թ․-ին, սակայն գործընթացն առկախվել էր։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, որը Սիրիայում ներքաղաքական ճգնաժամի սկզբից թշնամական քաղաքականություն էր որդեգրել Բաշար Ասադի կառավարության նկատմամբ, բացահայտ սկսել աջակցել հակակառավարական, ահաբեկչական ուժերին՝ ռազմական մի քանի միջամտություններով բռնազավթելով Սիրիայի ինքնիշխան տարածքի մի մասը, կտրուկ փոխել է հռետորաբանությունը։
«Ահաբեկիչ Ասադ», «մարդասպան Ասադ», «դաժան Ասադ» բնութագրականներով տարիներ շարունակ Ասադի մասին խոսող Էրդողանն օրեր առաջ ԱՄՆ-ից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում հիշել է անգամ նրա հետ իրենց մինչճգնաժամային ընտանեկան հանդիպումների մասին։ «Այս պահին Սիրիայից ավելի քան 3 միլիոն փախստական կա մեր երկրում։ Այնպիսի կետի ենք հասել, որ այն պահին, երբ Բաշար Ասադը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար որևէ քայլ կանի, մենք էլ նրա նկատմամբ այդ մոտեցումը կցուցաբերենք։ Քանի որ մենք երեկ Սիրիայի հետ թշնամի չէինք, ընտանիքով էինք հանդիպում։ Մենք մեր հրավերն անելու ենք»,- ասել է Էրդողանը՝ խոսելով Բաշար Ասադի հետ հանդիպելու, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդ դառնալու Իրաքի, Ռուսաստանի պատրաստակամության մասին։
Պաշտոնական Դամասկոսից այս հայտարարություններին պատասխանել են՝ կրկնելով իրենց պայմանները․ Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգում, ուժերի դուրսբերում Սիրիայի տարածքից և պայքար ահաբեկիչների դեմ։
Այս հայտարարությունների ֆոնին, սակայն, Թուրքիայում ակտիվացել են Սիրիայի հարցում երկրի կառավարության որդեգրած և մինչ այս իրականացրած քաղաքականությանն ուղղված քննադատությունները։ Դրան է նպաստում նաև սիրիական ճգնաժամի առաջին տարիներից Թուրքիայում ապաստանած ավելի քան երեք միլիոն սիրիացի փախստականների դեմ առկա դժգոհությունը, պարբերաբար լարվող իրավիճակը, որը վերջերս վառ դրսևորվեց Կայսերի նահանգում։
Օրեր առաջ Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Հանրապետական ժողովրդական» կուսակցությունը՝ տասը կետից կազմված հայտարարությամբ է հանդես եկել, որում հռչակել է Սիրիայի հարցում Թուրքիայի վարած քաղաքականության տապալման մասին։ «Կառավարությունը ինչպես չի կարողացել լուծել սիրիական ճգնաժամը, որի պատճառն է հանդիսացել, այնպես էլ Թուրքիային այդ ճգնաժամի գերին է դարձրել։ Էրդողանն իր քաղաքականությամբ պատճառ է դարձել Սիրիայի փլուզման համար և Թուրքիան վերածել է աշխարհի փախստականների պահեստին, չի խուսափել այդ մարդկանց կյանքի վրա Եվրոպայի հետ առևտուր անելուց»,-նշվել է դրանում։ Ընդգծվել է նաև, որ Թուրքիան ոչ թե խոսքով, այլ գործնականում չպետք է խառնվի իր հարևանների ներքին գործերին։
Չնայած այս հայտարարությունում ևս աջակցություն է հայտնվել Սիրիայի հետ կարգավորման գործընթացին՝ Թուրքիայում քաղաքական գործիչները, փորձագետները և վերլուծաբանները մատնանշում են տարիների ընթացքում երկու երկրների միջև առաջացած խութերի, Սիրիայի դեմ Թուրքիայի իրականացրած ռազմագործողությունների մասին, հետևապես կարգավորման գործընթացը բնութագրում են բարդ և հաճախ անիրատեսական։
Հենց նշյալ «Հանրապետական ժողովրդական» կուսակցության՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն, օրինակ, խորհրդարանում հերթական անգամ հիշեցնելով իրենց դեմ և քննադատական դիրքորոշումը երկրի կառավարության և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարած քաղաքականությանը Սիրիայում հայտարարել է․ «2012-ին ասել ենք, 2013-ին ասել ենք, որ այնտեղի ժողովուրդների կամքին համապատասխան ժողովրդավարական սիրիական վարչակազմ պետք է ձևավորվի։ Սակայն «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ի՞նչ արեց։ Աշխարհի բոլոր ջիհադիստական կազմակերպություններին, ողջ համաշխարհային ահաբեկիչներին, աշխարհի 80 երկրից ահաբեկիչներին, ջիհադիստներին Ասադին տապալելու համար Սիրիայում հավաքեց և Թուրքիայում լոգիստիկ աջակցություն ապահովեց»։
Սյունակագիր Ֆեհիմ Թաշթեքինը Gazeteduvar-ում հրապարակած իր հոդվածում, օրինակ, գրել է, որ երկու երկրների միջև առկա խնդիրներն այնքան ծանր են, որ դրանք հնարավոր չէ թողնել պաշտոնյաների բանավոր հանձնառություններին, ինչպես, կարծեք թե, ակնկալում է Էրդողանը՝ հարաբերությունների կարգավորման մեկնարկի համար առաջնային համարելով Ասադի հետ հանդիպումը։
«Մարդիկ կան, որոնք գործը հեշտացնում են՝ ասելով, որ եթե Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի հետ եղավ, Սիրիայի հետ էլ կլինի։ Սիրիայի հետ կարգավորումը որևէ մեկի հետ համեմատելի չէ, մինչդեռ անգամ նրանց հետ գործընթացը բավականին երկար տևեց։ [Թուրքիան] Այդ երկրները չի բռնագրավել, ռեժիմների դեմ միջնորդավորված պատերազմ չի մղել, «ազատ․․․ բանակ», «․․․ազգային բանակ» չի ստեղծել, այլընտրանքային կառավարություն չի հռչակել, բանակների հետ բախման մեջ չի մտել, միլիոնավոր փախստականների չի ընդունել, քաղաքները չի թալանել»։
Լրագրող, գրող Հեդիյե Լևենթը, իր հերթին, Bianet-ի հետ զրույցում, քիչ հավանական է որակել կարգավորումը երկու երկրների միջև՝ նշելով, որ Անկարան չի քաշվի Սիրիայի հյուսիսից և չի դադարեցնի աջակցությունը «Սիրայի ազգային բանակին» (նախկին՝ Սիրիայի ազատ բանակ)։ Ըստ Լևենթի՝ այն կետը, որի շուրջ կողմերը կարող են համագործակցել քրդերի հարցն է, սակայն այդ կետում էլ առկա է ընկալումների տարբերություն․ Դամասկոսը Սիրիայի քրդերին չի դիտարկում որպես «ահաբեկչական կազմակերպություն» կամ «Քրդստանի բանվորական» կուսակցության (PKK) սիրիական թև»։
Վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրում նաև այն հարցի վրա, որ գետնին իրավիճակը կարող է փոխվել՝ կախված ԱՄՆ-ում սպասվող ընտրությունների արդյունքներից․ Դոնալդ Թրամփի նորից ընտրվելու դեպքում հավանական է համարվում Սիրիայից ամերիկյան ուժերի դուրսբերումը։
Օրեր առաջ գերմանական «Դոյչե Վելլե»-ի թուրքերեն ծառայությունը, անդրադառնալով նշյալ զարգացումներին, ընդհանրական ներկայացրել էր Թուրքիա-Սիրիա հարաբերություններում առկա «ականապատ դաշտերը»։
Թուրքիայի զինուժը կքաշվի՞ Սիրիայից — Թուրքիայի զինված ուժերը 2016 թ․-ին «Եփրատի վահան», այնուհետև «Ձիթենու ճյուղ», «Խաղաղության ակունք», «Գարնանային վահան» ռազմագործողություններով զորքեր են տեղակայել Սիրիայի հյուսիսի այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Իդլիբը, Ջարաբուլուսը, Ալ-Բաբը, Ազազը, Թել Աբյադը։ Դամասկոսի հայտարարություններից չի երևում, որ հրաժարվել է Թուրքիայի զինուժի դուրսբերման նախապայմանից, սակայն տպավորություն է առկա, որ եթե Թուրքիան ներկայացնի տարիների ընթացքում դուրս գալու պլան, կարող են ջերմ նայել դրան։ Սակայն, ըստ սիրիական մամուլի, Դամասկոսը դրա համար հավանաբար Մոսկվայից կամ Սաուդյան Արաբիայի նման որոշ տարածաշրջանային երկրներից կցանկանա, որ երաշխավոր դառնան։
Կդադարեցվի՞ աջակցությունը սիրիական ընդդիմությանը — Թուրքիան աջակցում է Դամասկոսի կողմից «ահաբեկչական խմբեր» որակվող սիրիացի ընդդիմադիրներին և «Սիրիայի ազգային բանակին» (Սիրիայի ազատ բանակ)։ Դամասկոսի պահանջներից մեկն էլ այն է, որ Անկարան դադարեցնի աջակցությունն այդ խմբերին։ Սակայն այդ ընդդիմադիր խմբերը չեն թաքցնում իրենց անհանգստությունն Էրդողան-Ասադ հնարավոր մերձեցումից։ Մյուս կողմից տնտեսական խնդիրներ ապրող Թուրքիայում հաճախ է քննադատվում այդ խմբերին տրամադրվող ֆինանսական աջակցությունը։
Սիրիայի հյուսիսում քրդերի հետ հարաբերություններն ինչպե՞ս են լինելու — ԱՄՆ-ում Թրամփի հաղթանակի դեպքում հավանական է համարվում, որ ԱՄՆ-ն զորքերը դուրս կբերի Սիրիայից, այդ դեպքում այս պահին ԱՄՆ-ի պաշտպանության տակ գտնվող քրդական ուժերը կարող են մերձենալ Մոսկվայի և Դամասկոսի հետ։ Թուրքիայի համար կարևոր է, թե ինչպես կընթանան զարգացումները։
Իդլիլբի հարցն ինչպե՞ս է լուծվելու — Իդլիբը, որը Թուրքիան լիարժեք չի կարողանում վերահսկել, բարդ և ռիսկային շրջան է։ Թուրքիայի նախկին վարչապետ Ա․ Դավութօղլուն այսպիսի միտք է վերջերս արտահայտել․ «Եթե ընդհանուր լուծում չգտնվի, այն պահին, երբ կհայտարարվի, որ «Դամասկոսի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել» Իդլիբից հարյուր հազարավոր մարդիկ քայլելու են դեպի սահմանի այս կողմը, իմացած եղեք»։
Սիրիացի փախստականները վերադառնալու՞ են — Մեկ այլ լուծման սպասող խնդիր է Թուրքիայում սիրիացի փախստականների խնդիրը։ Կայսերիում ներգաղթյալների դեմ հարձակումներին զուգահեռ կարգավորումից մտահոգված որոշ սիրիական խմբեր անվտանգության գոտու որոշ քաղաքներում միջադեպեր հրահրեցին, ինչը ցույց է տալիս, որ սիրիական հարցը ներքին անվտանգության վրա ազդող և ներքին քաղաքականության մեջ ևս կարևոր գործոն է։ Փախստականների հարցում Թուրքիայի իշխանությունն այժմ ավելի շատ է իր վրա զգում ընդդիմության ճնշումը։ Իշխանությունը, որը ցանկանում է, Ասադի հետ հաշտվելով, տալ ուղերձ, թե խնդիրը լուծման փուլում է, դեռևս չունի համապարփակ ճանապարհային քարտեզ փախստականների վերադարձի համար։
Ամփոփելով կարող ենք նշել, որ Թուրքիան նկատելիորեն վերաձևակերպում է իր մերձավորարևելյան քաղաքականությունը։ Աշխարհաքաղաքական նոր գործոններն Անկարային մղում են Սիրիայի հետ կարգավորման, սակայն վատթար հարաբերություններով 13 տարիների ընթացքում երկու երկրների միջև «խորն անդունդներ» են առաջացել։ Դրանց հաղթահարումը միջնաժամկետ հեռանկարում թվում է բարդ և քիչ հավանական։ Իդեալական սցենարով անգամ կարգավորումը, իր հերթին, նոր խնդիրներ և մարտահրավերներ է խոստանում տարածաշրջանին։