ԱՄՆ Սենատում ժամանակավորապես դադարեցվել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագծի արագացված ընթացակարգով քննարկումը։ Այս մասին հայտարարել է Ջորջիա նահանգից դեմոկրատ սենատոր Ռաֆայել Ուորնոքը, գրում է «Interfax»-ը:
Օրինագիծը նախատեսում է ԱՄՆ նախագահին լրացուցիչ լիազորություն տալ՝ Ռուսաստանի նկատմամբ նոր սահմանափակումներ կիրառելու համար։
Ուորնոքը հայտարարել է, որ դեմ չէ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գաղափարին, սակայն մտահոգված է օրինագծի այն դրույթներով, որոնք նախագահին կարող են ավելի լայն հնարավորություն տալ նաև այլ երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու հարցում։
«Ուկրաինային աջակցելը չի նշանակում ներկայիս նախագահին տալ նոր լիազորություններ՝ մաքսատուրքեր սահմանելու և այդպիսով ապրանքների գները բարձրացնելու համար»,- հայտարարել է սենատորը։
Ավելի վաղ նախատեսվում էր օրինագիծը Սենատում քննարկել արագացված կարգով՝ մինչև օգոստոսի 10-ին սկսվող ամառային արձակուրդները։ Սենատի հաստատումից հետո փաստաթուղթը պետք է ուղարկվեր Ներկայացուցիչների պալատ, որտեղ քննարկումը, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, կարող է ավելի բարդ լինել՝ որոշ կոնգրեսականների առարկությունների պատճառով։







