Արգենտինայի Պատգամավորների պալատում պաշտոնապես ստեղծվել է Հայաստանի Հանրապետության հետ խորհրդարանական բարեկամության խումբ։ Խմբի ստեղծման արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արգենտինայում ՀՀ դեսպանությունը։
Միջոցառմանը մասնակցել են խմբի ղեկավար, պատգամավոր Մարիա Լուիսա Գոնսալես Էստևարենան, խմբի անդամները, Արգենտինայի Պատգամավորների պալատի միջազգային և ինստիտուցիոնալ կապերի վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև Արգենտինայում Հայաստանի դեսպան Հովհաննես Վիրաբյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Արգենտինայի միջև խորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում։ Մասնակիցները նշել են նաև Արգենտինայի հայկական համայնքի կարևոր դերը՝ որպես երկու ժողովուրդների միջև բարեկամության, փոխըմբռնման և համագործակցության կապող օղակ։
Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Արգենտինայի միջև միջխորհրդարանական կապերի խորացման և երկու երկրների միջև երկարամյա բարեկամության ամրապնդման պատրաստակամությունը։







