12-09-2026 / 18:19
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի զորավարժություններից հետո

2026/09/12 16:36
ԱՄՆ, Միջազգային, Քաղաքականություն

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի զորավարժություններից հետո շաբաթ օրը մի քանի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել դեպի ծով։ Այս մասին հայտնել է «DW»-ն։

Հրթիռներն արձակվել են Հյուսիսային Կորեայի արևելքում գտնվող Վոնսան քաղաքի շրջանում և անցել մոտ 250 կիլոմետր՝ ընկնելով երկրի արևելյան ջրերում։

«Yonhap» գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեան, ըստ ամենայնի, կիրառել է «Հվասոն-11» շարքի բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև 600 մմ տրամաչափի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Աղբյուրների համաձայն՝ երկու համակարգերը կիրառվել են հաջորդաբար՝ մի քանի դրվագով։

Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտնել է, որ ուժեղացրել է հսկողությունը և սերտորեն համակարգում է գործողությունները ԱՄՆ-ի ու Ճապոնիայի հետ։

Հարավային Կորեայի նախագահի ազգային անվտանգության խորհուրդը կոչ է արել Փհենյանին դադարեցնել արձակումները՝ դրանք որակելով որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտում։

ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը հայտարարել է, որ արձակումները անմիջական վտանգ չեն ներկայացրել ԱՄՆ-ի տարածքին կամ տարածաշրջանի դաշնակիցներին՝ միաժամանակ վերահաստատելով Վաշինգտոնի պաշտպանական պարտավորությունները տարածաշրջանում։

Հրթիռների արձակումից մեկ օր առաջ ավարտվել են ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի մասնակցությամբ «Freedom Edge» հնգօրյա համատեղ զորավարժությունները։ Դրանք ներառել են օդային, ծովային և կիբեռտիրույթների համատեղ վարժանքներ, այդ թվում՝ ծովային զորավարժություններ, օդում վերալիցքավորում և կիբեռհամակարգման գործողություններ։

Հարավային Կորեայի զինված ուժերը զորավարժությունները ներկայացրել են որպես պաշտպանական բնույթի միջոցառում, որի նպատակն է ուժեղացնել Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքներին համատեղ արձագանքելու կարողությունները։

Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Սոն Գին զորավարժությունները քննադատել էր՝ դրանք անվանելով «սադրիչ» և սպառնալով «ուժեղ և համապատասխան հակաքայլերով»։

Շաբաթ օրվա արձակումը Հյուսիսային Կորեայի կողմից մոտ երեք շաբաթվա ընթացքում առաջին հրթիռային փորձարկումն էր։ Անցած ամիս Փհենյանը ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի մեկ այլ զորավարժության ընթացքում արձակել էր ավելի քան 10 կարճ հեռահարության հրթիռ։

Միաժամանակ, Կորեական թերակղզում փոխվում է նաև ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմական համագործակցության դինամիկան։ Անցած ամիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր զգալիորեն կրճատել Հարավային Կորեայի հետ անցկացվող ամենամյա «Ulchi Freedom Shield» զորավարժությունները՝ պատճառաբանելով իր հարաբերությունները Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։

Սակայն Կիմ Չեն Ընի քույրը՝ Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյա Կիմ Յո Ջոնը, հայտարարել էր, որ զորավարժությունների կրճատումը չի փոխի դրանց «սադրիչ և ագրեսիվ բնույթը»։

Անցած կիրակի Կիմ Չեն Ընը Հյուսիսային Կորեայի երկրորդ ռազմանավի շահագործման հանձնման արարողության ժամանակ հայտարարել էր երկրի միջուկային զսպման ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին։ Ըստ հրապարակման՝ երկու ռազմանավերն էլ կարող են կրել միջուկային մարտագլխիկներ տեղափոխելու ունակ հրթիռներ։

Փորձագետների գնահատմամբ՝ զենքի ծրագրի զարգացումների, ինչպես նաև Մոսկվայի և Պեկինի հետ սերտացող կապերի ֆոնին Կիմ Չեն Ընը կարող է ձգտել ապագա բանակցություններում Վաշինգտոնից ավելի մեծ զիջումներ ստանալ։

Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել բանակցությունների վերադառնալու հնարավորությունը, եթե ԱՄՆ-ը հրաժարվի իր բնորոշմամբ «թշնամական քաղաքականությունից» և ճանաչի Հյուսիսային Կորեայի՝ որպես միջուկային պետության կարգավիճակը։

Tags: ԱՄՆՀարավային ԿորեաՀյուսիսային ԿորեաՃապոնիա
Նախորդ Լուրը

Պակիստանն առաջին անգամ դեսպան ունի Հայաստանում

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Պակիստանն առաջին անգամ դեսպան ունի Հայաստանում

12/09/2026
Մերձավոր Արևելք

Իսրայել-Լիբանան բանակցությունների հաջորդ փուլը հետաձգվել է մինչև հոկտեմբեր

12/09/2026
Մերձավոր Արևելք

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Կարմիր ծովի ևս վեց շրջան

12/09/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի զորավարժություններից հետո

12/09/2026

Պակիստանն առաջին անգամ դեսպան ունի Հայաստանում

12/09/2026

Իսրայել-Լիբանան բանակցությունների հաջորդ փուլը հետաձգվել է մինչև հոկտեմբեր

12/09/2026

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Կարմիր ծովի ևս վեց շրջան

12/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)