Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ կայուն զարգացում հնարավոր չէ ապահովել առանց խաղաղության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի։ Նա կոչ է արել զարգացումը դարձնել միջազգային համագործակցության առաջնահերթություն։ Այս մասին հայտնել է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը։
Արաղչին այս մասին խոսել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում անցկացված Գլոբալ զարգացման նախաձեռնության բարձր մակարդակի հանդիպմանը։ Նրա խոսքով՝ զարգացող երկրները շարունակում են բախվել աղքատության, անհավասարության, պարտքային բեռի, ֆինանսավորման ու տեխնոլոգիաների հասանելիության խնդիրների։ Հակամարտությունները և միակողմանի սահմանափակումները, նրա գնահատմամբ, ավելի են խորացնում այդ դժվարությունները։
Իրանի ԱԳ նախարարը քննադատել է ԱՄՆ պատժամիջոցները՝ պնդելով, որ դրանք ազդում են իրանցիների առօրյա կյանքի, այդ թվում՝ դեղորայքի, տեխնոլոգիաների և գիտական համագործակցության հասանելիության վրա։ Նա ՄԱԿ-ին կոչ է արել հանդես գալ նման միջոցների վերացման օգտին։
Արաղչին նաև դատապարտել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները՝ դրանք որակելով միջազգային իրավունքի խախտում։ Նրա պնդմամբ՝ հարվածների հետևանքով զոհվել են հազարավոր մարդիկ, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Մինաբ քաղաքի տարրական դպրոցը և Իրանի Պաստյորի ինստիտուտը։







