Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը աջակցող Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ուրբաթ հայտարարել է հութիների դեմ լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկի մասին։ «RegionMonitor»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Arab News»-ը։
Կոալիցիայի խոսնակ, գեներալ-մայոր Թուրքի ալ Մալիքիի խոսքով՝ հարվածներն ուղղված են հութիների տարբեր ուժերի և ռազմական կարողությունների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռային համակարգերի դեմ։
«Մենք աշխատում ենք հութիների բալիստիկ հրթիռային ցանցն ապամոնտաժելու և ոչնչացնելու ուղղությամբ»,- գրել է նա X-ում՝ հրապարակելով օդային հարվածների տեսանյութեր։
Ալ Մալիքին նշել է, որ կոալիցիան Եմենի կառավարական ուժերին շուրջօրյա օդային աջակցություն է ցուցաբերում։ Նրա հրապարակած այլ տեսանյութերում, խոսնակի ներկայացմամբ, երևում են Բաբ էլ Մանդեբի շրջանում կառավարական ուժերի առաջխաղացման պայմաններում թաքնվելու փորձ կատարող և դիրքերը լքող հութիներ։
Կոալիցիան նաև հայտարարել է հութիների հրթիռների արձակման երեք կայանքի ոչնչացման մասին։
Միաժամանակ, «Al Arabiya»-ն, հղում անելով ռազմական աղբյուրներին, հայտնել է, որ Եմենի կառավարական ուժերը վերահսկողություն են հաստատել Բաբ էլ Մանդեբի շրջանի և Մայուն կղզու նկատմամբ։ Բաբ էլ Մանդեբ նեղուցը ռազմավարական նշանակության ծովային ուղի է, որը Կարմիր ծովը կապում է Ադենի ծոցի հետ։
Գործողություններն ընթանում են Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումների սրման ֆոնին։ Հինգշաբթի Էր Ռիադի «Թագավոր Խալիդ» միջազգային օդանավակայանի վրա երկու հարձակման հետևանքով զոհվել է Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի, այդ թվում՝ «Saudia» ավիաընկերության օդաչու Համուդ բին Ալի ալ Քալթամին։ Եվս մի քանի մարդ վիրավորվել է։
Սաուդյան ավիացիոն իշխանությունների հաղորդմամբ՝ առաջին հարձակումը թիրախավորել է օդանավակայանի ենթակառուցվածքները, երկրորդը՝ ազգային ավիափոխադրողի ինքնաթիռը։ Հարձակումները վնասներ են պատճառել և խաթարել թռիչքները։
Ուրբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Սաուդյան Արաբիայի մշտական ներկայացուցիչ Աբդուլազիզ ալ Վասիլը հայտարարել է, որ թագավորությունը թույլ չի տա Եմենը վերածել իր տարածքի դեմ հարձակումների և Կարմիր ծովում նավարկության սպառնալիքների հենակետի։
Նա վերահաստատել է երկրի ինքնիշխանությունն ու քաղաքացիներին պաշտպանելու իրավունքը՝ միաժամանակ ընդգծելով, որ Էր Ռիադը շարունակում է աջակցել Եմենի հակամարտության քաղաքական կարգավորմանը։ Ալ Վասիլը հութիներին մեղադրել է դիվանագիտական նախաձեռնությունները մերժելու և ռազմական սրման ուղին ընտրելու մեջ՝ Անվտանգության խորհրդին կոչ անելով ապահովել համապատասխան բանաձևերի, այդ թվում՝ խմբավորման նկատմամբ զենքի էմբարգոյի կատարումը։







