Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիներին կրկին դպրոց չեն թողել, ինչիվ հետո երկու դպրոցների աշակերտները դասադուլ են հայտարարել՝ պահանջելով թույլ տալ հիջաբ կրող իրենց համադասարանցիներին մասնակցել դասերին։ Բողոքի ակցիաները տեղի են ունեցել Բաքվի թիվ 69 դպրոցում և Մասալլիի շրջանի Բ. Շիրիևի անվան միջնակարգ դպրոցում։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Region Monitor»-ը, գրել է «Кавказский узел»-ը։
Բողոքի պատճառը սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի կառավարության ընդունած փոփոխություններն են, որոնք խստացնում են դպրոցական համազգեստի կանոնները։ Թեև որոշումներում հիջաբն ուղղակիորեն նշված չէ, աշակերտներն ու ծնողները պնդում են, որ սահմանափակումները խոչընդոտում են հիջաբ կրող աղջիկների կրթության իրավունքի իրացմանը։
Բաքվի կրթության վարչությունը հայտարարել է պետական դպրոցներում նոր պահանջների պահպանման ստուգումներ սկսելու մասին։ Միաժամանակ, ըստ «Meydan TV»-ի, Բաքվի թիվ 90 դպրոցից հեռացվել է հիջաբ կրող ուսուցչուհին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումների դեմ բողոքներ էին սկսվել։ Սոցիալական ցանցերում տարածվել էին նաև հիջաբ կրող աշակերտուհիներին դպրոց չթողնելու և ուսուցչուհուն աշակերտների հետ հրաժեշտի պահի տեսանյութեր։







